Այս պահին ընթանում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը։
«Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության մանդատ ստանալու հայտ ներկայացրածների տվայտանքներն այս կիրակի պետք է ավարտվեն։ Այսօր մեկնարկած ներկուսակցական ընտրությունները կփակվեն կիրակի օրը, և չի բացառվում՝ գիշերով հրապարակվի նախնական ցուցակը։
Փետրվարի 13-15-ը կուսակցության պատվիրակները հերթով այցելում են ՔՊ կենտրոնական գրասենյակ՝ 276 հոգանոց ցուցակից ընտրելով 50 թեկնածու։ Այնուհետև ձայները կամփոփվեն, և ռեյտինգային կարգով կձևավորվի նախնական ցուցակը՝ ամենաշատ ձայն ստացածից մինչև ամենաքիչը։
Առաջին 50-ը մարտին արդեն կմտնեն երկրորդ փուլ՝ քարոզարշավ ներկուսակցական հարթակում։ Այնտեղ կրկին ընտրություն կկատարվի՝ որոշելու, թե ով է վարչապետի թեկնածուն և ով որ հորիզոնականը կզբաղեցնի։
Շարքով գալիս են, բայց մտքում՝ հերթ չկա
ՔՊ-ականները այս օրերին գրասենյակ են գալիս գրեթե հանդիսավոր քայլքով։ Դրսից՝ ժպիտ, ներսից՝ հաշվարկ։
Ով ինչ սպասելիք ունի՝ քիչ անց պարզ կլինի։
Ով ում աչքով աչք չունի տեսնելու՝ նույնպես։
Ներկուսակցական ժողովրդավարությունը, իհարկե, գեղեցիկ բառ է։ Բայց երբ 276 հոգի պայքարում են 50 տեղի համար, մրցակցությունը դառնում է ոչ թե գաղափարական, այլ՝ մարդկային։ Իսկ երբ մարդկայինն ակտիվանում է, ատելությունն ու նախանձն էլ կարող են հերթով գրանցվել՝ թեկուզ ոչ ցուցակում, բայց մթնոլորտում։
Քաղաքական կուլիսներում արդեն կատակով ասում են՝ հանկարծ վերջում այնպես չլինի, որ փոխադարձ «սիրո» պակասից ոչ մեկը ոչ մեկին չընտրի։ Թեև դա, իհարկե, տեսական սցենար է, բայց ներսի լարվածությունն իրական է։
Մի կողմում՝ հրապարակային գործընթաց, քվեարկություն, փուլային ընտրություն։
Մյուս կողմում՝ անձնական հարաբերություններ, հին հաշիվներ, ապագա հավակնություններ։
Եթե ամեն ինչ անցնի սահուն, կիրակի գիշերը կունենանք նախնական ցուցակ։ Եթե ոչ՝ կունենանք նոր ներքին դրամա՝ արդեն քաղաքական սերիալի ձևաչափով։
Ամեն դեպքում, այս կիրակին ՔՊ-ում որոշիչ է լինելու․
կամ կհաստատվի ներքին համերաշխությունը,
կամ պարզ կդառնա, թե իրականում ով ում «աչքով աչք չունի տեսնելու»։
Mnews.am