17 Հուլիսի, 2023

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ հայտարարությունները։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ադրբեջանի ԱԳՆ-ն տարակուսանք և ափսոսանք առաջացնող էր անվանել Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունը՝ կապված 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և Երևանի ու Բաքվի միջև խաղաղ գործընթացի հետ:

«Ռուսաստանի ԱԳՆ հուլիսի 15-ի հայտարարության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանությունների կապակցությամբ ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մշտապես հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային փոխգործակցության մասին երկկողմ հռչակագրին:

Միաժամանակ դա չի չեղարկում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի համալիր առաջխաղացման, օրակարգում դրված բոլոր հարցերի լուծման խնդիրը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական-դիվանագիտական մեթոդներով», – ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

kotayk

Լրահոս