«Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել․
«Սամվել Կարապետյանը եւ եկեղեցաշինությունը
Մաս-2
Զարմանալի եկեղեցասեր հավատացյալներ են ռուսները։ Անծայրածիր երկրի բոլոր բնակավայրներում անթիվ-անհամար եկեղեցիներ կան, քաղաքներում, հատկապես՝ պատմական կենտրոններում ամեն քայլափոխի՝ եկեղեցի։ Մի անգամ Մոսկվայի իմ աշխատասենյակից փորձեցի հաշվել եկեղեցիների քանակը, միայն մի պատուհանից 12 հատ հաշվեցի եւ… հաշիվը կորցրեցի։ Դժվար կհանդիպես քիչ թե շատ մեծ գյուղի, որ եկեղեցի չունենա։ Նույնիսկ «գյուղ» բառն առանձնանում է՝ «село», եթե եկեղեցի կա գյուղում եւ «деревня», եթե եկեղեցի չկա։ Շատ ռուսների եմ ճանաչում եւ շատերին եմ հանդիպել, որոնք եկեղեցու կողքով անցնելիս, ոտքով, թե մեքենայով, անվերապահ խաչակնքվում են։ Մի այդպիսի ընկեր ունեմ՝ բարձրակարգ եվրոպական կրթությամբ, որ ոչ միայն առանց խաչակնքելու չի անցնում ոչ մի եկեղեցու մոտով, այլեւ անգիր գիտի եւ պահպանում է բոլոր ուղղափառ պահքերը։
Մեկ-մեկ էլ մտածում եմ՝ գուցե մեծ հավատն է այս ազգին դարձրել այսքան հզոր, պահպանել եւ նույնիսկ հզորացրել անգամ այնպիսի օրհասական պահերից հետո, երբ թվացել է, թե կործանվում է երկիրը։
Մեկ-մեկ եմ այսպես մտածում, բայց գիտեմ, որ այդպես է։ Համոզված եմ՝ այն խիզախ ոգին, որ ունեն ռուսները՝ նաեւ (կամ մեծապես) հավատքի ուժի՛ց է գալիս։
2001թ։ Անծայրածիր Ռուսաստանի խորքերի մի խուլ գյուղ՝ Կալուգայի մարզում, Նեդելնայա անունով: Բազմադարյա եկեղեցու վերանորոգման աշխատանքների մասշտաբը հընթացս մեծացել եւ ընդգրկել էր գրեթե ողջ գյուղը։ Սամվել Կարապետյանին դիմել էին խնդրանքով՝ օժանդակել, արագացնել եւ ավարտին հասցնել նախատեսված եւ չնախատեսված բոլոր աշխատանքները։
Շատ կարճ ժամանակում ոչ միայն ժամանակակից մեթոդներով վերականգնվեց 100 տարի անխնամ եւ խարխուլ մնացած եկեղեցին իր զանգակատնով, այլեւ հիմնովին վերակառուցվեցին դպրոցը, գյուղի վարչական շենքը, ճանապարհները եւ այլն։
Ի՞նչն է այստեղ ուշագրավը։ Չէ՞ որ Սամվելի կողմից տարբեր եկեղեցիների ցուցաբերած նմանատիպ օգնությունները բազմաթիվ են եւ հիշելն ու թվարկելն անգամ շատ ժամանակատար է, գուցե նաեւ անհետաքրքիր։ Ինչի համար եմ առանձնապես հիշատակում այս պատմությունը։
Եկեղեցու հետսովետական վերակառուցման այս աշխատանքը նշանակալից էր նրանով, որ առաջիններից էր որ պատմական նշանակության եկեղեցին երկրի հեռավոր գյուղերից մեկում էր վերակառուցվում, իսկ վերաօծման արարողությունը հենց ինքը՝ Համայն Ռուսիո Պատրիարքը պետք է կատարեր։ Թեեւ Սամվելը վերակառուցման գլխավոր հովանավորը չէր, բայց նախաձեռնողները նրա լուման այնքան բարձր էին գնահատել, որ կարգադրել էին ամենամեծ զանգի վրա ձուլատառ գրել նաեւ նրա անուն-ազգանունը։ Պղնձե հսկայական զանգերը նախօրոք պատվիրված էին Վորոնեժի զանգակաձուլական գործարանում։ Երբ զանգերի տեղադրման աշխատանքներից ոչ շատ առաջ ձուլարանից ստանում են զանգերը, նախաձեռնության գլխավոր համակարգող երախտագետ Ն.Ն. Գուսլիստին (Աստված լուսավորի հոգին), չգիտես ինչու, որոշում է անձամբ ճշտել՝ հաստա՞տ Սամվելի անունը ձուլված է զանգերի վրա։ Պարզվում է՝ ոչ՝ տեղի է ունեցել թյուրիմացություն, բացթողում։
Երախտագիտության ինչպիսի՜ զգացում Սամվելի հանդեպ, որ որոշում է ընդունվում զանգերը շտապ վերադարձնել ձուլարան վերաձուլելու՝ «Սամվել Կարապետյան» գրառմամբ։ Պատվերներով հեղեղված միակ զանգակաձուլական գործարանը հապշտապ վերաձուլում է ամենամեծ զանգը «Самвел Карапетян» ձուլատառ գրառմամբ եւ հազիվ հասցնում են բերել եւ տեղադրել օծման հենց նախօրեին։
Օծման արարողության ժամանակ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսիյ II-ը իր երախտիքի խոսքն է ուղղում Սամվել Կարապետյանին եւ նրան պարգեվատրում Սուրբ Կնյազ Դանիիլ Մոսկվացու պատվավոր մեդալով։ Այդ կապակցությամբ այդպիսի 2 մեդալ այդ օրը հանձնեց Պատրիարքը՝ մեկը Գազպրոմի նորընտիր ղեկավար Ալեքսեյ Միլլերին, մյուսը՝ Սամվել Կարապետյանին»,- գրել է նա։