21 Նոյեմբերի, 2016

Lragir.am

ՌԴ նախագահ Պուտինը Ասիա-Խաղաղօվկիանոսյան Վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հռետորաբանության եւ նախագահի պաշտոնում իրական քաղաքականության միջեւ կարող է լինել մեծ տարբերություն։
Պուտինի հայտարարությունը հետաքրքրական է հնչում ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո Ռուսաստանի պետական քարոզչամեքենայի գրեթե էյֆորիկ տոնայնության ֆոնին։
Պուտինն այդպիսով ինչ որ իմաստով սառը ջուր է լցնում այդ քարոզչամեքենայի գլխին, թեեւ գուցե ընդամենը նախանշում է էյֆորիան դադարեցնելու եւ արդեն նոր մարտավարության անցնելու խնդիրը։
Բանն այն է, որ նախագահի քարոզարշավի ընթացքում ռուսական քարոզչամեքենան աշխուժորեն աջակցում էր Թրամփին։ Մյուս կողմից, բացառված չէ, որ Մոսկվան ավելի շատ Թրամփին էր ուզում տեսնել նախագահի պաշտոնում, թե պարզապես չէր ուզում տեսնել Հիլարի Քլինթոնին։ Մեկ այլ տարբերակով, հնարավոր է պարզապես Մոսկվան համոզված էր Քլինթոնի հաղթանակի հարցում, պարզապես փորձում էր նախապատրաստել դրա դեպքում իր քարոզչական վարքագիծը, որի հիմքում կարող էր լինել այն, թե Քլինթոնը նախագահ է ընտրվել կեղծիքով։ Բոլոր դեպքերում, ընտրությունից հետո Ռուսաստանը հայտնվել է իսկապես բարդ վիճակում։ Մոսկվան թե նախընտրական թե հետընտրական փաստացի քարոզչական ողջույն է հղել Թրամփին, սակայն ընտրությունից հետո Թրամփի կադրային քաղաքականության հեռանկարը կարծես թե վկայում է, որ Ռուսաստանն իսկապես վաղ է ուրախացել, ինչպես նկատել էր քաղաքագետ Իգոր Մուրադյանը։
Բանն այն է, որ առանցքային պաշտոններում, որոնք առնչվելու են արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը, Թրամփը կարծես թե տեսնում է մարդկանց, որոնք աչքի են ընկել Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականության դիրքորոշումներով։
Պուտինին իհարկե այլ բան չի մնում, քան արձանագրել, որ նախընտրական հռետորաբանությունն ու իրական քաղաքականությունը կունենան մեծ տարբերություն։
Ասիա-Խաղաղօվկիանոսյան Վեհաժողովի շրջանակում ՌԴ նախագահը մի փոքր շփվել է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ։ Կամ հակառակը` Օբաման է մի փոքր շփվել Պուտինի հետ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, հայտնելով այդ շփման թեման, ասել է, որ նախագահները ցավ են հայտնել Ուկրաինայի հարցում համաձայնության չգալու համար, իսկ ահա Սիրիայի մասով նրանք արձանագրել են, որ Օբամայի նախագահությանը մնացած երկու ամիսների ընթացքում կարեւոր է հասնել փոխհամաձայնության։
Իսկապես հետաքիքր իրավիճակ է եւ դատելով այդ փոքր շփումից հնարավոր է ենթադրել, որ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնն ու Մոսկվան եկել են այսես սառեցման շուրջ համաձայնեցման եւ առաջիկայում չեն պատրաստվում այդ ուղղությամբ գործադրել իրավիճակը էապես փոխելու ջանք, իսկ ահա Սիրիայի հարցում մտադրություններն այլ են։
Դատելով Թրամփի վարչակազմի իրական քաղաքականության մասին Պուտինի խոսքից, հնարավոր է եզրակացնել, որ Մոսկվան մտավախություն ունի արժանանալ այդ վարչակազմի սիրիական ավելի կոշտ քաղաքականության, քան Օբամայի վարչակազմի պարագայում, ինչի համար էլ Մոսկվան մտածում է մնացած երկու ամիսների ընթացքում գալ որոշակի համաձայնության։
Բոլոր դեպքերում, ԱՄՆ նոր նախագահի պաշտոնավարումը խոստանում է ամերիկա-ռուսական հարաբերության կամ հակադրության առավել հետաքրքրական զարգացում, քան շատերին կարող էր թվալ առաջին հայացքից։ Աստիճանաբար պարզ է դառնում, որ ինչ որ իմաստով ծիծաղելի, ու նաեւ գուցե վիրավորական էր ամերիկացիների համար այն կարծիքները, թե Դոնալդ Թրամփը Պուտինի եւ ռուսական հատուկ ծառայությունների հաղթանակն էր։
Ով-ով, բայց Պուտինն ինքը գիտե, որ ոչ մի հաղթանակի մասին խոսք լինել չի կարող եւ Թրամփի վարչակազմի հետ հարաբերությունում Ռուսաստանին ըստ երեւույթին սպասում է ավելի դժվար ժամանակ, ու գուցե Մոսկվան շատ մոտ ապագայում կսկսի անգամ երանի տալ դեմոկրատական վարչակազմի ժամանակներին։
Այդ իրավիճակը հայաստանյան դիտանկյունից առանցքային է, քանի որ ամերիկա-ռուսական հարաբերության վիճակը այս կամ այն դեպքում անխուսափելի ազդեցություն է թողնում Հայաստանի վրա, Հարավային Կովկասի եւ այդ թվում նաեւ Արցախի հակամարտության վրա։ Այդ իմաստով, ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը Հայաստանում առաջացրել էր որոշակի երկակի արձագանք` մի կողմից հույս, որ ամերիկա-ռուսական հարաբերությունը կկարգավորվի, պատժամիջոցները կչեղարկվեն եւ ՌԴ տնտեսությունը կշնչի` Հայաստանի տնտեսության վրա էլ դա կթողնի դրական ազդեցություն, իսկ մյուս կողմից մտավախություններ, որ Ռուսաստանն այդպիսով կվերգտնի իր ուժերը եւ կսկսի վերականգնել իր թուլացող դիրքերը, ինչը կնշանակի Հայաստանի վրա ռուսական ազդեցության առավել ուժեղացում` դրանից բխող հետեւանքներով։
Ըստ ամենայն, այդ արձագանքները արդեն իսկ դառնում են ժամանակավրեպ եւ անհամարժեք, եթե ինչ որ պահի թեկուզ չեն եղել այդպիսին։ ԱՄՆ նոր վարչակազմի պարագայում սպասվում է ամերիկա-ռուսական հարաբերության որոշակի տրանսֆորմացիա, որտեղ դրական կամ բացասական փնտրելը թերեւս իզուր է, պետք է լինելու ընդամենը հասկանալ այդ տրանսֆորմացիան, հնարավոր միտումները, եւ գոնե հանրապետական վարչակազմի պարագայում ունենալ Հայաստանի թե իշխանության, թե հասարակական-քաղաքական դաշտի առավել համարժեք եւ ռացիոնալ պահվածք ու բովանդակություն, քան ամերիկա-ռուսական հարաբերության դեմոկրատական վարչակազմի ժամանակաշրջանում տեղի ունեցած տրանսֆորմացիայի պարագայում էր։

Հակոբ Բադալյան

kotayk

Լրահոս