Երեկ Սպիտակում կախված ու ենթադրաբար 2 մանկահասակ աղջիկներին խեղդամահ արած Մարինե Հովհաննիսյանը 3 տարի է ամուսնալուծված է, ամուսինը համագյուղացիներին ասել է, որ ամուսնալուծվել են կնոջ հոգեկան խնդիրների պատճառով: Մարինեն 3 տարի առաջ երեխաներին վերցրել, գնացել է ամուսնու տանից ու գյուղից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը, ուր հարս է գնացել Մարինե Հովհաննիսյանը:
«Ամուսինն ասում էր հոգեկան հիվանդ է, դա է պատճառը, որ ամուսնալուծվել են: Նաև, եթե կինը կարողանում է երեխեքին սպանել, ուրիշ ի՞նչ որակավորում կտայիք»,- ասաց գյուղապետը հավելելով, որ իրեն ու երեխաներին սպանած կնոջ ամուսինը «խելոք մարդ է, անասնապահությամբ է զբաղվում»:
«Ամուսնուն երեկ տարել են ոստիկանություն, նորից բաց են թողել»,-ասաց Հարթագյուղի գյուղապետը: Ամուսինը մայր չունի, մահացել է, ծեր հայր ունի:
Թե ինչպես է տղամարդը հոգեկան հիվանդ կնոջը վստահել իր երեխաներին, գյուղապետը դժվարացավ ասել. «Նա ամուսնալուծվել, կինը երեխաներին վերցրել, հեռացել է արդեն 3 տարի»:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ինքնասպանություն գործած 45-ամյա կինը քիմիայի ուսուցչուհի է աշխատել Լոռու մարզի Սարալանջ գյուղում: Մրցութային կարգով հաղթահարել էր մանկավարժների համար նախատեսված քննություններն ու ընդունվել աշխատանքի:
Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ քաղաքում կախված է հայտնաբերվել 5 և 7 տարեկան աղջիկների մայրը, իսկ ննջասենյակում անկողնու մեջ հայտնաբերվել են նրա 2 երեխաների դիերը:
Tert.am