Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից:
Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ էներգամատակարարման հետ կապված բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել և պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեն, որոնք թույլ կտան հնարավորինս երկարաժամկետ ապահովել բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները:
Պետնախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական ծանր վիճակի և հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին, քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր:
Պետնախարարը հանձնարարել է այս խնդրի հետ կապված ևս առաջարկություններ ներկայացնել:
Զեկուցվել է նաև պարենային մի խումբ ապրանքատեսակաների համար կտրոնային համակարգի ներդրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանք իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:
Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից: