10 Հունվարի, 2025
Աշխատաժամանակի տևողությունն օրական 8-ի փոխարեն 7 ժամ դարձնելու շուրջ որոշ տնտեսվարողների մատնանշած ռիսկերը կարող էին լինել նաև 8-ժամյա աշխատանքի դեպքում. Մեդիա կենտրոնում «7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությանը» թեմայով հրավիրված ասուլիսին ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

«Եթե 8-ժամյա աշխատանքի մոդելը հանրությունն ընդունել է 150 տարի առաջ և այդպես առաջ է գնացել, ի՞նչ է՝ այդ դեպքում ռիսկեր չկայի՞ն։ Բայց եթե ես միայն աշխատող մարդու տեսնակյունից խոսեմ՝ հիմա էլ ռիսկեր կան, որոնք այլ են»,-ասաց նա։

Ըստ Մանասերյանի՝ եթե լավ մոնիտորինգ արվի, գործատուների կողմից շատ ժամանակ չի պահպանվում 8-ժամյա աշխատանքային գրաֆիկը․«Աշխատողներն աշխատում են շատ երկար, 9 ժամ են աշխատում, 12 ժամ են նույնիսկ շատ դեպքերում աշխատում և չի արձանագրվում այդ լրացուցիչ աշխատաժամանակը, այսիքն՝ արտաժամյա վճարը չի պահպանվում»։

Նա նկատեց, որ, իհարկե, չի նշում, որ 7-ժամյա գրաֆիկի անցնելու դեպքում այդ խնդիրը լուծվելու է։ «Ո՛չ, այս խնդիրը լուծելու տարբերակը վերահսկողությունն ավելի ինստենսիվ դարձնելն է»,-ասաց նա։

Ըստ նրա, նախագծի հաստատման դեպքում դրական արդյունքներն ակնհայտ են. «Աշխատաժամանակի տևողության կրճատումը աշխատանք և ընտանիք հավասարակշռությանն է միտված։ Պետք է հասկանալ, որ գործատուի համար էլ կարող է շահավետ լինել։ Արդյո՞ք բոլոր աշախատողներն ամբողջ 8 ժամը զբաղված են աշխատանքով։ Երբ գործատուները սրա դեմ բողոքում են, սա էլ պետք է մոնիտորինգ անեն։ Մեր աշխատանքային գործիքներն այքան են հզորացել, որ պարտադիր չի մարդն իր տեղում գամված 8 ժամ աշխատանք անի»,-ասաց նա։

 

Լրահոս