Mnews.am-ը զրուցել է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավարի հետ՝ համայնքի գործունեության և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ Հարցազրույցի ընթացքում փորձ է արվել պարզել, թե որոնք են այսօր քաղաքում առաջնահերթ համարվող խնդիրները, ինչ ծրագրեր են իրականացվում դրանց լուծման նպատակով, և ինչ տեսլական ունի համայնքապետարանը Աշտարակի ապագայի վերաբերյալ։
Աշտարակ խոշորացված համայնքում վերջին տարիները բնակիչների համար դարձել են փոփոխությունների և իրական արդյունքների շրջան։ Համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով նաև համայնքում ՔՊ նախընտրական շտաբի ղեկավարն է, ընդգծում է՝ իր մոտեցումը մնում է նույնը՝ խոսել ոչ թե խոստումների, այլ արդեն արված աշխատանքի մասին։
«Յուրաքանչյուր քաղաքացի ինքն է որոշում իր քվեն։ Բայց այն, ինչ արվել է այս տարիների ընթացքում, արդեն ինքն է խոսում իր մասին»,— ասում է նա։
-Պարոն Շահվերդյան, Աշտարակ խոշորացված համայնքում արդեն տեսանելի աշխատանքներ կան․ անձամբ ո՞ր ծրագիրն եք ամենահաջողվածը համարում։
Իրականում կդժվարանամ մեկ ծրագիր առանձնացնել, քանի որ վերջին տարիներին Աշտարակ համայնքում տարբեր ուղղություններով համակարգային աշխատանք է կատարվել։ Բայց եթե առանձնացնեմ, ապա ճանապարհաշինությունն ու ենթակառուցվածքների զարգացումը համարում եմ ամենակարևոր ձեռքբերումներից մեկը։ Երբ շուրջ 62 կմ ճանապարհ է հիմնանորոգվում, ասֆալտապատվում են քաղաքային ու գյուղական փողոցներ, զրոյից գազաֆիկացվում ու մշտական խմելու ջրով են ապահովվում բնակավայրերը, դա արդեն միայն ճանապարհ կամ ողղակի ենթակառուցվածք չէ․ դա մարդկանց առօրյայի, համայնքի զարգացման որակի փոփոխություն է։ Միաժամանակ շատ կարևոր եմ համարում մանկապարտեզների, խաղահրապարակների ու մարզադաշտերի կառուցումը, որովհետև դրանք ներդրում են մեր երեխաների և համայնքի ապագայի մեջ։
– Երբ համայնքի բնակիչների հետ շփվում եք, ի՞նչն են ամենաշատը գնահատում Ձեր աշխատանքի մեջ։
-Կարծում եմ՝ մարդիկ ամենաշատը գնահատում են արված աշխատանքը, որն իրենց համար տեսանելի է: Երբ համայնքի բնակիչը տեսնում է, որ իր բնակավայրում ջուր է եկել, ճանապարհն է վերանորոգվել, գազաֆիկացում է իրականացվում կամ բակի խաղահրապարակ է կառուցվել, դա արդեն իրական արդյունք է։ Մարդիկ նաև գնահատում են հասանելիությունն ու անմիջական շփումը։
– Նախընտրական այս փուլում ինչպե՞ս է անցնում քարոզարշավը, ավելի շատ աջակցությո՞ւն եք զգում, թե՞ նաև լարվածություն կա։
Քարոզարշավը բնականաբար ակտիվ է, տարբեր կարծիքներ ու քննարկումներ կան, բայց ես հիմնականում աջակցություն ու վստահություն եմ զգում մարդկանց կողմից։ Մարդիկ արդեն համեմատում են խոստումն ու արդյունքը, և դա շատ կարևոր է։
– Գյուղերում ու քաղաքում մարդկանց տրամադրությունները տարբե՞ր են։
Յուրաքանչյուր բնակավայր ունի իր խնդիրներն ու առաջնահերթությունները, բայց ընդհանուր տրամադրությունը նույնն է՝ մարդիկ ուզում են տեսնել զարգացող համայնք և իրական աշխատանք։ Քաղաքում շեշտադրումներն ավելի շատ ենթակառուցվածքների ու երթևեկության վրա են, գյուղերում՝ ջրի, ոռոգման, ճանապարհների և գազաֆիկացման։
-Այս ընտրություններին ի՞նչ հիմնական խոստումով եք գնում մարդկանց հետ հանդիպման։
-Մեր հիմնական խոստումը շարունակական զարգացումն է։ Մենք չենք ասում՝ ամեն ինչ իդեալական է, բայց ասում ենք՝ այն ծրագրերը, որոնք սկսել ենք, շարունակվելու են ավելի մեծ ծավալով։ Աշտարակ համայնքը պետք է դառնա զարգացած, հարմարավետ և ներդրումների համար գրավիչ համայնք։
– Այս ընթացքում եղե՞լ է մի հանդիպում կամ խոսակցություն, որը հատկապես տպավորվել է Ձեզ։
-Այո, շատ են եղել նման պահեր։ Հատկապես երբ տարեց բնակիչները մոտենում ու ասում են՝ տարիներ շարունակ սպասել էին, որ իրենց փողոցը լուսավորվի կամ ջրի հարցը լուծվի, և հիմա դա իրականություն է դարձել։ Այդ խոսքերն ավելի պարտավորեցնող են դարձնում աշխատանքը։
– Շատերն ասում են՝ համայնքապետի աշխատանքը երևում է ոչ թե խոսքերով, այլ բակերում, ճանապարհներին, լուսավորության մեջ։ Համաձա՞յն եք։
-Լիովին համաձայն եմ։ Համայնքի ղեկավարի աշխատանքի ամենաճիշտ գնահատականը մարդկանց առօրյան է։ Եթե բնակիչը տեսնում է բարեկարգ բակ, անվտանգ ճանապարհ, լուսավորված փողոց, ապա դա ամենալավ գնահատականն է աշխատանքի համար։
– Հաճախ նաև նշվում է, որ Դուք գործարար ընտանիքից եք։ Դա քաղաքականության մեջ ավելի շատ օգնո՞ւմ է, թե՞ խանգարում։
-Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես օգտագործում քո փորձը։ Բիզնեսում ձեռք բերած կառավարման փորձը օգնում է ավելի կազմակերպված աշխատել, բայց հանրային ծառայությունը լրիվ այլ պատասխանատվություն է։
– Ձեր կարծիքով՝ Աշտարակի ամենամեծ չօգտագործված հնարավորությունը ո՞րն է։
-Զբոսաշրջությունն ու գյուղատնտեսական ներուժը։ Աշտարակ համայնքն ունի պատմամշակութային մեծ ռեսուրս, գեղեցիկ բնություն և շատ հարմար աշխարհագրական դիրք։ Եթե շարունակենք ենթակառուցվածքների զարգացումը, համայնքը կարող է դառնալ շատ ավելի գրավիչ զբոսաշրջության և ներդրումների համար։
-Ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր դեռ վստահ չեն՝ ում ընտրել։
Ես մարդկանց կոչ կանեմ գնահատել ոչ թե խոստումները, այլ կատարված աշխատանքը։ Յուրաքանչյուր բնակավայրում այսօր արդեն կան տեսանելի ծրագրեր, և մարդիկ կարող են սեփական աչքով տեսնել արդյունքը։
-Այս ընտրություններում Ձեր ամենաուժեղ կողմը ո՞րն եք համարում եւ ինչի՞ վրա դեռ պետք է աշխատեք որպես համայնքի ղեկավար։
-Կարծում եմ՝ ամենաուժեղ կողմը կատարված աշխատանքն ու ձևավորված վստահությունն է։ Երբ համայնքում իրականացված ծրագրերը տեսանելի են, դա ամենաուժեղ փաստարկն է։ Շատ անելիքներ դեռ կան՝ հատկապես ջրամատակարարման, կոյուղու, գյուղական ենթակառուցվածքների և համայնքային ծառայությունների արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Ընդհանուր առմամբ, հարցազրույցից պարզ դարձավ, որ առաջիկա ընտրությունները կարևոր են համայնքի համար։ Բոլորը սպասում են, որ նոր փոփոխություններ կլինեն, ու մարդիկ հնարավորություն կունենան իրենց կարծիքը արտահայտելու և ընտրություն կատարելու ավելի վստահ։ Կարևորը՝ ակտիվ մասնակցությունն է, որ համայնքի զարգացումը ճիշտ ուղղությամբ գնա։
Mnews.am