22 Մարտի, 2023

Ադրբեջանցիները հեռվից անկանոն կրակ են բացում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող մարդկանց վրա, ինչն առաջին անգամը չէ: Այս մասին NEWS.am-ին պատմել է  ԱՀ Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքապետ Վլադիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդել էր, որ այսօր առավոտյան Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս Ճարտարի 7 բնակիչ հայտնվել էին ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

«Հեռվից անկանոն կրակում են աշխատող մարդկանց վրա, չեն թողնում, որ աշխատենք: Գարնանային աշխատանքները սկսել են, այգիներում աշխատում են բնակիչները, ադրբեջանցիներն էլ չեն թողնում, որ գործ անեն»,- ասաց Ճարտարի քաղաքապետը:

Նրա խոսքով՝ առաջին անգամը չէ, որ ադրբեջանցիները կրակ են բացում իրենց վարչական տարածքում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. «Միշտ էլ կրակում են էլի»:

Վլադիկ Հովհաննիսյանը պատմեց, որ 44-օրյա պատերազմից հետո Ճարտարի հողատարածքների 70-80 տոկոսն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ. «Քիչ տարածք ունենք գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու համար»:

Հիշեցնենք, որ ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել նաև մարտի 19-ին՝ Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ: 34-ամյա բնակիչը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ իր ուղղությամբ կրակոցներ են հնչել:

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ

Ադրբեջանը կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ. տուժածներ չկան

kotayk

Լրահոս