Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Ֆրանկոֆոնիայի, միջազգային գործընկերության և արտերկրում բնակվող Ֆրանսիայի քաղաքացիների հարցերով լիազոր նախարար Էլեոնոր Կարուայի հետ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գործընկերոջ հետ քննարկել է նաև Հայաստանում ֆրանսերենի ուսուցմանն ու տարածմանն ուղղած ծրագրերը՝ նշելով, որ Հայաստանի 250 դպրոցների շուրջ 60 հազար աշակերտներ ուսումնասիրում են ֆրանսերեն: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Երևանի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի դերը՝ որպես ֆրանսերենով կրթության և ֆրանկոֆոն մշակույթի տարածման կարևոր կենտրոն Հայաստանում։ Անդրադարձ է եղել նաև բարձրագույն կրթության և ֆրանկոֆոն մասնագետների պատրաստման հարցին՝ շեշտելով Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (UFAR) կարևոր դերակատարումը: Նշվել է նաև կրկնակի դիպլոմների (double degrees) և համատեղ կրթական ծրագրերի ընդլայնման կարևորությունը Հայաստանի և Ֆրանսիայի բուհերի միջև։
Ժաննա Անդրեասյանը բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ ներկայացնելով աշխատանքների ընթացքը: Այս համատեքստում քննարկվել է Ֆրանսիայի բուհերի և հետազոտական կենտրոնների հնարավոր ներգրավումը նախագծում և համատեղ գիտահետազոտական կենտրոնների, լաբորատորիաների և ինովացիոն հարթակների ստեղծման հեռանկարը։
Կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է Հայաստանի ուսումնական հաստատություններում արհեստական բանականության ներդրմանն ուղղված ծրագրերն ու արձանագրված հաջողությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր: