23 Հունվարի, 2025
Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանթյան փողոցում, Մալաթիայի շուկայի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են «Opel» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Սուրեն Բալդրյանն ու կրտսեր պարեկ Մարտին Ենոքյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։

Լրահոս