27 Ապրիլի, 2024

Երեկ գիշեր մգեցված ապակիներով, առանց համարների մեքենայով, անհայտ ինքնությամբ մարդիկ, երևի հետագայում այս տարածաշրջանի մարզպետի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, եկել են գաղտագողի, մուտք են գործել այս նշված տարածքները, այսպես կոչված «հանձնվելիք» և ինչ-որ անհայտ գործողություններ են անում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Ժողովրդի զայրույթը և անվստահությունն այն է, թե ովքեր են այդ մարդիկ, որ գտնվում են այդպիսի ծածկույթով մեքենայի մեջ, բոլոր հնարավոր տվյալները ծածկված և նաև պահաջն էր, որպեսի իջնեն, նույնիսկ մի քանի մետր հետ գնան, տեսնեն այդ մարդկանց, իրենց հարցերն ուղղեն։ Եթե նրանք քարտեզագրողներ են, չափագրողներ են, այսինքն՝  բանական, լուրջ խոսակցություն լինի՝ այդուհանդերձ ասելով, որ միակողմանի զիջումներն անընդունելի են, ապօրինի են։ Այդ ծածկույթի տակ ինչո՞ւ եք հայտնվում, եթե ձեր գործերը թափանցիկ են, մաքուր են»,- ասաց Գալստանյանը։

Բագրատ Սրբազանն ասաց, որ կասկածներ կան, որ այդ մեքենայում եղել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը (այս պաշտոնյաներն են զբաղվում սահմանագծման-սահմանազատման հարցերով-խմբ․)։

«Ողջամիտ կասկածներ կան, Մհեր Գրիգորյա՛ն, փոխվարչապե՛տ, որ Դուք եք եղել, և՛ Ձեր, և՛ ձեր կառավարության քայլերի ամբողջ ընթացքը ցույց է տալիս, որ դուք անընդհատ խաբել եք և չի բացառվում, որ երեկ էլ խաբած լինեք։ Ես վստահաբար չեմ ասում, որ այդպես է, բայց գաղտնիության քողածածկույթով արված, իրավունք եք տվել ամեն ենթադրություն անելու։  Ես չեմ հաստատում և չեմ ասում, որ այդպես է, միգուցե ես անձնապես էլ չեմ հավատում, որ այդպես է, բայց դուք իրավունք եք տվել հազար ու մի ենթադրության ձեր իսկ վարքագծով»։

kotayk

Լրահոս