Տիգրան Ավինյանին քաղաքապետ դառնալու համար պետք եղավ «Հանրային ձայնի» մասնակցությունն ավագանու նիստին։ Նիստն այդ կայացավ, ու նա պաշտոնին հասավ քստմնելի պայմաններում, իսկ լիազորությունները ստանձնեց օրենքի խախտմամբ։ Մի խոսքով, Ավինյանը քաղաքապետի աթոռին հայտնվելու համար, պատկերավոր ասած, շան օրի ընկավ։
Եթե ՔՊԿ–ն վստահ լիներ իր ուժերին, ապա կարող էր նպաստել Երևանում նոր ընտրությունների անցկացմանը։ Բայց փաստն այն է, որ ՔՊԿ–ն, քույր «Հանրապետությունը» և «Հանրային ձայնը» չհամաձայնեցին գնալ նոր ընտրությունների շատ լավ գիտակցելով, որ նոր ընտրություններն իրենց համար ավելի վատ արդյունք է ապահովելու։
Հիմա Ավինյանը շան մազից կախված վիճակում է։ Դա գիքորաբար արձանագրեց նաև «մանեթչիկի» շուրթերով թաղապետերի «ցավը» տանող Անի Խաչատրյանը ՔՊԿ–ի քույր խմբակցության ղեկավարը (տե՛ս կից տեսանյութը)։ Սա հարցազրույց է տալիս ու գովում կամ ավելի ճիշտ քծնում «Հանրային ձայնին»։ Այն «Հանրային ձայնին», որի օդիոզ ղեկավարը Ավինյանին ու մյուսներին հայհոյում է (հայհոյելն, ի դեպ, չխանգարեց գործարքին)։ «Մանեթչիկին», փաստորեն, պետականամետ են թվում այդ հայհոյանքները։ Բան չունենք ասելու, դա արդեն Անիի, Վազգենի «քրոջ» ու Ավինյանի որոշելիքն է և իրենց ընկալումը։ Նաև իրենց փոխհարաբերությունների բնույթը։ Մեզ մնում է այս ամենն արձանագրելն ու առաջ անցնելը»։