22 Հունվարի, 2025
Սույն թվականի փետրվարի 1-ից Երևանում հանրային տրանսպորտի ծառայությունների գնի սպասվող թանկացումները լուրջ մտահոգություններ են առաջացրել մասնագիտական և ոչ մասանգիտական խմբերի, առհասարակ հանրության լայն շրջանակներում:
Խնդիրը կայանում է նրանում, որ հանրային տրանսպորտից օգտվում է գրեթե ամբողջ բնակչությունը կամ յուրաքանչյուր երևանաբնակ ընտանիքի անդամներից գոնե մեկը, երկուսը պարբերաբար: Ուստի սպասվող թանկացումը որոշակի ազդեցություն է ունենալու յուրաքանչյուր ընտանիքի դրամական ծախսերի և խնայողությունների վրա:
Արձանագրենք, որ այո՛, ինչպես և յուրաքանչյուր ծառայության գին պետք է սահմանվի «գին-որակ» բանաձևով: Մինչ այժմ գործող հանրային տրանսպորտի ծառայության որակը հեռու է բավարար լինելուց, սակայն բնակչությունը չէր բողոքում 100 դրամներից, որն ի դեպ գործում է վերջին 20 տարիներին: Այժմ հարցադրումը հետևյալն է, էապես բարելավել տրանսպորտային ծառայության որակը՝ բնականաբար նաև գինը ինդեքսավորելով:
Թնջուկը հենց այս ինդեքսավորման մեջ է:
Կարելի է ենթադրել, որ անընդհատ պետությունը կարող է սուբսիդավորել որակի հետ կապված ծախսերը, որը կլուծի բնակչության սոցիալական խնդիրը: Սակայն, տեղական իշխանության մոտեցումը բոլորովին այլ է, կիրառել եվրոպական մի շարք զարգացած երկրների փորձը ըստ տրանսպորտից օգտվելու հաճախականության, ըստ այդմ էլ դիֆերենցված գների: Այն է՝ շատ ես օգտվում տրանսպորտից, հարաբերականորեն ավելի նվազ գին ես վճարելու, բայց ավելին քան 100 դրամն է, ավելի քիչ ես օգտվում՝ էապես բարձր գին ես վճարելու, օրինակ 300 դրամ:
Մեր կողմից ներկայացվող այս վերլուծության նպատակը միջազգային փորձը ներկայացնելը չէ, դրա մասին շատ է ասվել: Դիցուք, վերջիններից մեկը տնտեսագետ Աղասի Թավադյանի վերլուծությունն է, որը նույնպես հստակ ցույց է տալիս՝ համադրել ոչ միայն «որակ-գին», այլև «միջին աշխատավարձ-գին» բանաձևերը:
Ինչ խոսք, մենք պետք է գնանք մեր բնակչության իրական եկամուտներն ավելացնելու ճանապարհով, ուստի հանրային ծառայությունների գները նույնպես պետք է աճեն մարդկանց եկամուտների որոշակի ողջամիտ տոկոսի աճի տրամաբանությամբ:
Կա ևս մեկ դիտարկում, ստացվում է այնպես, որ 2025թ.-ից կտրուկ բարձրանում են բնակչությունից, նաև բիզնեսից ակնկալվող տարբեր ծառայությունների գները, օրինակ գույքահարկը, աղբահանության վճարները, իսկ ձեռնարկատիրական գործունեությունից՝ հարկերը, այդ թվում շրջանառության հարկը, և այլն:
Արդյո՞ք պատկան մարմինները հաշվարկել են այդ թանկացումների ազդեցությունը մարդկանց սոցիալական փաստացի վիճակի վրա:Այս ամենին էլ ավելանում է նաև համատարած հայտարարագրման ինստիտուտի գործարկումը, այդ թվում հարկումը՝ դրսից ստացվող ֆինանսական տրանսֆերտներից:
Այս բոլորը կարծես թե տնտեսագիտության հետ կապ չունեն, սա զուտ քաղաքականություն է: Չենք կարծում, որ տնտեսագետները երբևէ այսպիսի խորհուրդներ կտային: Ուստի, պետք է ամբողջական դիտարկել այս թանկացումները և սթափ գնահատել դրանց ազդեցությունը:
Հիշենք, իսկ ինչու՞ մեր հանրապետությունից հեռացան ռելոկանտները, որովհետև Հայաստանը խիստ ծախսատար երկիր է, բայց Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և չպետք է ստեղծել մի իրավիճակ, որ այժմ էլ մեր քաղաքացիները մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ:
Վերստին անդրադառնալով հանրային տրանսպորտի խնդրահարույց հարցին՝ քննարկել սպասվող թանկացումները ամբողջական տիրույթում և առաջնորդվել ի շահ հանրության:
 «Նոր Պրոյեկտ. Տնտեսական Ալիք» նախաձեռնություն

Լրահոս