Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանը շարունակում է գնումներ կատարել իր ընտանիքի հետ փոխկապակցված «Սափեյան եղբայրներ» ընկերությունից։ Այս տարի «Սափեյան եղբայրներ»-ի հետ արդեն կնքվել են 6,6 մլն դրամի հեղուկ գազի մատակարարման պայմանագրեր։ Ընկերությունը գազալցակայան է շահագործում Թալին համայնքում` Կաթնաղբյուր գյուղի վարչական տարածքում։ Ընտանիքի անդամների հետ գնման պայմանագրերի կնքման փաստերով նախկինում վարույթ էր հարուցվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (ԿԿՀ), բայց սա հիմք չի հանդիսացել հետագայում նման պայմանագրերի կնքումը բացառելու համար։
«Սափեյան եղբայրներ» ընկերությունը պետական ռեգիստրում գրանցվել է 1999-ին։ Գազալցակայանի գործադիր տնօրենը Ժորա Սափեյանն է համայնքապետի հորեղբայրը, իսկ 50 % բաժնեմասը պատկանում է համայնքապետի հորը Էդիկ Սափեյանին։
2023-ին Հետքը գրել էր, որ Սափեյանը երկու պայմանագիր էր կնքել իր ընտանիքին պատկանող գազալցակայանի հետ, որի ընդհանուր արժեքը կազմել էր 15,7 մլն դրամ։ Հոդվածի հիման վրա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) վարույթ էր հարուցել։
ԿԿՀ-ն անդրադառնալով հնարավոր շահերի բախման դեպքին, շեշտել է, որ «մատակարարման պայմանագրի կնքմամբ կատարել է գործողություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման»։ Ըստ հանձնաժողովի թեպետ գնման միակ մասնակիցը եղել է «Սափեան եղբայրներ»-ը, դա չի ազատել Տավրոս Սափեյանին շահերի բախման հանգամանքների մասին հանձնաժողովին գրավոր հայտարարություն ԿԿՀ ներկայացնելուց։ «Տավրոս Սափեյանը պարտավոր էր իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա իր մասնավոր շահի ազդեցության չեզոքացում ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց, տվյալ պարագայում գնման պայմանագրի կնքումից»,- նշված է ԿԿՀ որոշման մեջ։ Ըստ էության, արձանագրելով շահերի բախումը, ԿԿՀ-ն 300 000 դրամով տուգանել է Սափեյանին, վերջինս էլ հայտնել է, որ չի տիրապետել հանրային ծառայության մասին օրենքի շահերի բախման վերաբերյալ հոդվածի համապատասխան պահանջներին։
Ստացվում է, որ 2023-ին Սափեյանն իր ընտանիքի ընկերության հետ մոտ 16 մլն դրամի պայմանագրեր է կնքել, սակայն վարույթի հետևանքով տուգանվել միայն 300 000 դրամով։
Տավրոս Սափեյանի հետ կապված մեկ այլ որոշմամբ ԿԿՀ-ն արձանագրել է, որ նրա հայտարարագրում բացակայում է ընտանիքի անդամի կողմից բաժնեմաս ունենալու տվյալը, իսկ վարույթի ընթացքում Սափեյանի հայրը դիմել է ԿԿՀ-ին իր 2022-ի հայտարարագրում գույքի, եկամուտների, շահերի շտկումներ կատարելու համար։ Մասնավորապես, Էդիկ Սափեյանին թույլատրվել է իր հայտարարագրում 4,8 մլն դրամի եկամուտ արտացոլել։ Սափեյանները վարչական վարույթի ընթացքում խնդրել են հայտարարագրի հետ կապված խախտումները գնահատել որպես նվազ նշանակության, ինչը ԿԿՀ-ն հաշվի է առել ու Տավրոս Սափեյանին 200 000 դրամով տուգանելու որոշում է կայացրել։
Չնայած որոշումներին Սափեյանների գնումները շարունակվում են
Այս տարվա հունվարի 10-ին Թալինի համայնքապետարանը մոտ 1 մլն դրամի հեղուկ գազի մատակարարման պայմանագիր է կնքել «Սափեյան եղբայրներ» ընկերության հետ, իսկ ապրիլի 1-ին ևս 5,6 միլիոնի։ Վերջին գնումից առաջ Տավրոս Սափեյանը դիմել է ԿԿՀ, նշել, որ հեղուկ գազի և բնական գազի ձեռքբերման մրցույթ է հայտարարվել համայնքապետարանի կողմից։ Նա հանձնաժողովից հայցել է շահերի բախման հնարավոր իրավիճակի լուծմանն ուղղված առաջարկություն։ ԿԿՀ-ն ընդամենը առաջարկել է համայնքապետին հանդես գալ տվյալ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ հրապարակելով այն Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում և հրապարակման վերաբերյալ տեղեկացնել Հանձնաժողովին։ Այս գործողություններից հետո համայնքապետը կնքել է պայմանագիր ընկերության հետ։
ԿԿՀ-ի հետ գրագրությունից պարզ է դառնում, որ մյուս 1 մլն դրամ արժողության պայմանագրի դեպքում նշված ընթացակարգը դարձյալ չի պահպանվել։ «Ձեր հարցման հիման վրա կիրականացվի նշված պայմանագրի կնքման գործընթացի ուսումնասիրություն և օրենքով սահմանված հիմքերի առկայության պարագայում կհարուցվի վարույթ»,- նշված է Հանձնաժողովի պատասխանում։
«Սափեյան եղբայրներ»-ը գնումների գործընթացում ակտիվորեն ներգրավվել է 2023-ից։ Գնումների Armeps համակարգից տեղեկանում ենք, որ թեպետ գազալցակայանը շահագործվում է տասնյակ տարիներ, պետական գնման պայմանագրեր ընկերության հետ կնքվել են միայն 2023-ից սկսած, երբ Թալինի համայնքապետ է դարձել Տավրոս Սափեյանը։