18 Մայիսի, 2025
4-րդ դարում Երուսաղեմի երկնքում փայլեց Սուրբ Խաչի նշանը՝ Գողգոթայից ձգվելով մինչև Ձիթենյաց լեռը:

«Սուրբ Խաչափայտն արեգակից ավելի հզոր իր ճառագայթներն էր մատուցում տեսնողներին, այն աստիճան, որ աստվածտեսության երկյուղով և ուրախությամբ բռնված, քաղաքում բոլորն անխտիր շտապում էին եկեղեցի»: Այսպես է տեսարանը նկարագրում Երուսաղեմի պատրիարք Սուրբ Կյուրեղ հայրապետն իր նամակում: Այն ուղղված էր Կոստանդիանոս Մեծի որդուն: Սքանչելի երևույթը Սուրբ Կյուրեղ հայրապետը բացատրում էր իբրև ուղղափառ դավանության պաշտպանություն արիոսականության դեմ և հորդորում կայսերը ետ կանգնել արիոսականներին պաշտպանելուց:

Նկարագրվում է, որ Տիրոջ նշանն իր փայլով հաղթել է արեգակի ճառագայթներին և արձակած լույսով ծածկել արեգակը: Արտասովոր այդ դրվագը մարդկանց մեջ երկյուղ է ծնել ու ամրապնդել հավատը: Սուրբ Կյուրեղն այդ օրը եկեղեցական տոն է դարձրել:
«Նրա նշանը շողաց Գողգոթայի վրա, որտեղ խաչվեց, լույսի ճառագայթները հասան Ձիթենյաց լեռան վրա, որտեղից համբարձվեց: Դրվագը մարդկանց մեջ զորացրեց հավատը՝ Քրիստոսի հարության: Քրիստոս հաստատեց Իր իրական կենդանությունը: Երկնային պատկերը տեսնելուց հետո շատերը դարձի եկան»,- նշում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարթև քահանա Մուրադյանը:
Խաչի նշանն ուղղորդեց ընթանալ ճշմարիտ ուղով

Սուրբ Խաչի երևման տոնը, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է մայիսի 18-ին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի է բերվել Քրիստոսի Խաչափայտի Մասունքը: Այսօր նաև Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է, մատուցվում է տոնական Սուրբ Պատարագ:

Տեր Պարթևի խոսքով՝ 351 թվականին լուսավոր խաչը հույս է ներշնչել հազարավորներին: Դրվագը փաստել է՝ Աստված մեզ հետ է և շարունակում է զորացնել խաչի լույսով, ջերմությամբ և առաջնորդել դեպի փրկություն:

«Սքանչելի դրվագը եղավ հարյուրավոր մարդկանց դարձի պատճառ: Նրանք ամրացան իրենց հավատքի մեջ: Խաչի նշանն ուղղորդեց ընթանալ ճշմարիտ ճանապարհով: Սուրբ Խաչի երևման տոնը վերահաստատում է Քրիստոսի մշտական ներկայությունը մեր կյանքում: Գողգոթան Հիսուսի խաչի ճանապարհի գագաթն է, Ձիթենյաց լեռը՝ այն գագաթը, որտեղից երկինք համբարձվեց Աստծո Որդին: Խաչն առաջնորդում է մեզ դեպի հավերժություն, դեպի հավիտենական կյանք»,- հավելում է Տեր Պարթևը:

Հետևել խաչին, նշանակում է ապրել քրիստոնյային վայել, պայքարել ազնիվ նպատակների, մարդկության մեջ սեր, եղբայրություն, խաղաղություն հաստատելու համար:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված ևս երեք տոն՝ Խաչվերաց, Գյուտ Խաչի և Վարագա Սուրբ Խաչ:

 

 

 

Լրահոս