Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը:
Այսպիսով` «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները խուզարկել են կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: Վերջինիս ներքնազգեստում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել մեկ այլ դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուհուն: Վերջինս ինքնակամ ներկայացրել է մարմնում թաքցված փաթեթ, որում առկա է եղել բջջային հեռախոս, որին կպչուն ժապավենով ամրացված են եղել անլար ականջակալ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով առանձնացված ևս 2 փաթեթ:
Մեկ այլ դեպքով՝ վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են նարնջագույն ցանցով փաթաթված կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մետաղական մանեկ և 3 առանձին փաթեթներ՝ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով։