Ինձ ժամանակ առ ժամանակ հիացնում է այն հանգամանքը, թե ինչպես են իշխող խունտայի տարբեր կալիբրի ներկայացուցիչներ ստանձում մեր PR ագենտների և քաղտեխնոլոգների պարտականությունները։ Բայց մենք շնորհակալ ենք, թող իրենք իրենց PR-ի մասին մտածեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը անդրադառնալով իշխանությունների կողմից իրենց ԱԺ-ից բացակայելու վերաբերյալ հայտարարություններին։
Մամիջանյանի խոսքով իրենք կանգնած են այնտեղ, որտեղ կա երկու երկրի, պետականությունների շահերը պաշտպանելու խնդիրը։ Մամիջանյանը վստահեցնում է, որ Ազգային ժողովից զատ, կան շատ ավելի կարևոր խնդիրներ, օրակարգեր։
«Հիշեցնեմ նաև, որ խորհրդարանական աշխատանքը չի ենթադրում միայն ֆիզիկապես գտնվել, որովհետև ՔՊ-ի խմբակցությունում որոշ դեմքեր կան, որոնք առհասարակ քաղաքականության մեջ ֆիզիկապես գտնվելուց զատ, ոչինչ անել չեն կարող ու երևի այդ արշինով էլ չափում են ընդդիմությանը»,- նշեց Մամիջանյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորի մանդատն իրենց Ալեն Սիմոնյանը չի տվել. այդ մանդատն իրենց տվել է հայ ժողովուրդը։ Իրենք 100%-ով հաշվետու են հայ ժողովրդին թե՛ իրենց ընտրողներին, թե՛ չընտրողներին։ Մամիջանյանը նշեց, որ մանդատի համար չի անհանգստանում, քանի որ մանդատն ընդամենը գործիք է։ Ոչ ամենազորեղը, սակայն ազդեցիկ։ Իրենք էլ ամեն ինչ անում են այդ գործիքի ողջ ուժն օգտագործելու համար։