Խաչատուր Սուքիասյանի մտերիմները ամեն ինչ կարող են, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Սերժ Սարգսյանի Վաչոյի մտերիմներն էին կարողանում անել ամեն ինչ։ Այս իմաստով բան չի փոխվել, միայն հին անուններն են մոռացվել, և նոր անուններ են հայտնվել ասպարեզում։ Սերժի Վաչոյին փոխարինելու է եկել Նիկոլի Գռզոն։ Եվ եթե Սերժի Վաչոն առանձնապես լավը, արդարամիտ, կիրթ ու զարգացած լինելու կոմպլեքսով չէր տառապում, ապա Գռզոյի դեպքում այս ամենին զուգահեռ առկա է այս կոմպլեքսը, ըստ այդմ հավակնությունը տարբերվել իշխանության օլիգարխներից։ Այս իմաստով Սերժի Վաչոյի տեսակն ավելի ընկալելի է, քան Գռզոյինը, որովհետև առաջինը պակաս վտանգավոր է հանրային օրգանիզմը քայքայելու տեսակետից, քան երկրորդը։ Ինչո՞ւ, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարել միշտ կարելի է, հնարավոր է նույնիսկ արդյունքներ գրանցել, իսկ մանիպուլյացիայի ու մեծամիտ տգիտության դեպքում շանսը գրեթե զրոյական է։
«4-րդ իշխանություն»-ը գրում է․
Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում «Սևան» ազգային պարկին պատկանող 2060 քմ հողի վրա, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հարևանությամբ, 2019թ. նոր առանձնատուն է կառուցվում: Դրա տերը «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին․ տեղեկացրել «Ժողովուրդ» օրաթերթը։ Թերթը հիշեցրել է 2018-ի նոյեմբերի 29-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «առաջին պայմաններից մեկը Սևանը այդ ցանցային ցանկապատներից ազատելն է: Մեկ էլ գնում ես, ափով քայլում ես, տեսնում ես չափառ է դրված, չափառները պետք է մաքրվեն, և Սևանա լիճը պիտի վերադարձվի ՀՀ քաղաքացուն…»: Հոդվածագիրը նաև հավելել է, որ Արման Հակոբջանյանը Արցախում շինարարությունների առյուծի բաժինն է իրականացնում, Հայաստանում ևս նա պետգնումների մրցույթների ակտիվ հաղթող է և ճանապարհներ է նորոգում: Եվ ահա այս ամենի վերջում հնչում է վերջին ակորդը․ «Նա ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մտերիմն է»։
3