31 Օգոստոսի, 2022

Միայն օգոստոս ամսին հայ մարզիկները 6 մարզաձևում հրաձգություն, մարմնամարզություն, ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, 44 մեդալ են նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, որոնցից 22-ը ոսկե, 7-ը արծաթե և 15-ը բրոնզե: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում այսօր պարգևատրվել են տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում լավագույնս հանդես եկած ու մեդալներ նվաճած մարզիկները:

Նրանց պարգևատրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ընդունելությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլ

ոյանը, ՀԱՕԿ գործկոմի անդամները, Հայաստանի մարզական ֆեդերացիայի ղեկավարները, մարզիչներ և մարզիկներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է 2022 թվականի ընթացքում հայ մարզիկները պատանիների, երիտասարդների և մեծահասակների Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում արդեն իսկ 175 մեդալ են նվաճել. «Ձեր այս նվաճումներն ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունք են: Առաջիկայում դեռ բազմաթիվ մրցումներ ունենք ու վստահ եմ տարին փակելու ենք ռեկորդային արդյունքով: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր լումա են ունեցել այս հաջողության մեջ: Հաջողություն եմ մաղթում նրանց, ովքեր դեռ կերտելու են այսպիսի հաղթանակներ»:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել նրանց Հայաստանի պատիվը միջազգային մրցասպարեզում բարձր պահելու համար. «Մեկ ամսում 44 մեդալ, որից 22-ը ոսկե. սա իսկապես տպավորիչ արդյունք է: Հիանալի է, որ այս տարիքում արդեն ձեր ձեռագիրը թողնում եք սպորտում և կյանք եք մտնում հաղթանակով: Շատ հպարտ ենք ձեզնով: Մեր ազգն այսօր կարիք ունի հաղթանակների: Շնորհակալ եմ, որ ձեր հաղթանակներով մեր ժողովրդին փոքր-ինչ ուրախություն եք պարգևում»:

Գագիկ Ծառուկյանի հրամանով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, օլիմպիական գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար ՀԱՕԿ ոսկե մեդալներով են պարգևատրել Հայաստանի ծանրամարտի հավաքական թիմի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի ավագ մարզիչ Մովսես Կարապետյանը, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, Հայաստանի մարմնամարզության հավաքականի ավագ մարզիչ Հայկ Նազարյանը, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և Հայաստանի ձյուդոյի հավաքականի ավագ մարզիչ Վահե Թորոսյանը:

Խրախուսական նվերների և պատվոգրերի են արժանացել ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության հաղթող Գոռ Կարապետյանը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Վիգեն Նազարյանը, փոխչեմպիոն Սուրեն Աղաջանյանը, ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն Սերգեյ Սարգսյանը, բրոնզե մեդալակիր Մուշեղ Մկրտչյանը, Եվրոպայի հրաձգության երիտասարդների չեմպիոն Գոռ Խաչատրյանը, բրոնզե մեդալակիրներ Արուսյակ Գրիգորյանը, Գոհար Հարությունյանը, Եվրոպայի մարմնամարզության երիտասարդների առաջնության հաղթող Էրիկ Բաղդասարյանը, կրկնակի փոխչեմպիոն Համլետ Մանուկյանը, Եվրոպայի բռնցքամարտի պատանիների առաջնության չեմպիոններ Համեստ Աֆրիկյանը, Սամվել Սիրամարգյանը, ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ Վահրամ Դովլաթբեկյանը, Տիգրան Հովսեփյանը, Ալեն Ստեփանյանը, Հայկ Ղահրամանյանը, ինչպես նաև Եվրոպայի ծանրամարտի պատանիների և Մ15 տարեկանների առաջնության չեմպիոններ Էմմա Պողոսյանը, Վալերիկ Մովսիսյանը, Միքայել Չոլակյանը, Ալեքսանդրա Գրիգորյանը, Սերյոժա Բարսեղյանը, փոխչեմպիոն Ժորա Գրիգորյանը և բրոնզե մեդալակիր Աշոտ Մարգարյանը:

 

Լրահոս