27 Մայիսի, 2023

Մայիսի 28-ին երրորդ տարին անընդմեջ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Այն տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը Շողակաթ (նախկին Շորժա) համայնքից, 40 կմ): Մրցաշարի մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով:

Նրանց մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին ժամը 07:45-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից կմեկնի Շողակաթ առանց կանգառի:

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը նախատեսված է ժամը 14:00-ին: Այն մասնակիցները, որոնք մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում Շողակաթ համայնքում, պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ ժամը 12:00-ին անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:

Մասնակիցները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական հեծանիվներով 1.95 և ավելի չափի անիվներով ու պարտադիր սաղավարտով: Ցանկացած տիպի խճուղային, էլեկտրական և մոտորային շարժիչներով հեծանիվներն արգելվում են, ինչպես նաև խճուղային և սպորտային ղեկով հեծանիվի մոդիֆիկացված ցանկացած հեծանիվ: Արգելվում է նաև կոնտակտային ոտնակների կիրառումը:

Յուրաքանչյուր մասնակից պարտավոր է մեկնարկին (start) և վերջնարկին (finish) տեխնիկական զննում իրականացնող հանձնաժողովին ներկայացնել իր հեծանիվը:

 

Լրահոս