9 Հուլիսի, 2020
Միքայել Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե զբաղվի 89 պատգամավորների՝ իրենց աշխատանքը կատարելու հետ կապված իր ենթադրություններով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարությանը, թե հաջորդ իշխանությունների օրոք ԱԺ 89 պատգամավորները եւ Նիկոլ Փաշինյանը դատվելու են սահմանադրական հեղաշրջում անելու համար:

«Էդ հաջորդ իշխանություններին դեռ շատ ժամանակ կա: Ես կարծում եմ, որ այն հեքիաթները, ֆանտազիաները, երազախաբությունը, որոնք պարոն Մինասյանը վերապրում է եւ դրանք հաճախ եթեր են բաց թողնում, իմ կողմից եւ շատ-շատերի կողմից մեկնաբանության կարիք այսքան հաճախ չունեն: Ես հասկանում եմ, որ պարոն Մինասյանը մեդիադաշտում դեռ ինչ-որ ազդեցություն ունի, բայց ժամանակին, երբ ամբողջ մեդիադաշտը, ամբողջ համակարգը պատկանում էր նույն Միքայել Մինասյանին եւ իր աներոջը՝ Սերժ Սարգսյանին, իրենց չօգենց: Հիմա առավել եւս անհետաքրքիր է տարբեր ցնդաբանությունների հետ կապված լուրջ մեկնաբանություններով հանդես գալ:

Այնուամենայնիվ, նա գտնվում է հետախուզման մեջ եւ որպես օդիոզ ֆիգուր, ես իր տեղը լինեի, կգայի Հայաստանի իրավապահներին կներկայանայի: Բայց ինքը, կարծում եմ՝ նման բան չի անի»,-հայտարարել է  Ալեն Սիմոնյանը:

lurer.com

 

kotayk

Լրահոս