Ինչպես հայտնի է, մարտի 29-ին Դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքներով՝ ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել դատավոր Դավիթ Խաչատուրյանը: Քվեարկությանը մասնակցել է 260 դատավոր: Նրանցից 126-ը քվեարկել է թեկնածուներից Արսեն Նիկողոսյանի օգտին, իսկ 131 ձայն գրանցվել է Դավիթ Խաչատուրյանի օգտին:
Նշենք, որ Դավիթ Խաչատուրյանը ԲԴԽ անդամ է եղել, միայն ամիսներ առաջ է ընտրվել՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր՝ ունենալով լարված հարաբերություններ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հետ: Այժմ էլ, փաստորեն, հավակնում է Սահմանադրական դատարանի դատավոր դառնալ: Մինչ այս՝ փետրվարի 2-ին, ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության օրակարգով եւս մեկ ժողով էր հրավիրվել: Այդ ժամանակ եւս Խաչատուրյանն առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն դատավորներն ընտրել էին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանին: Վերջինս, սակայն, ՍԴ դատավոր չդարձավ, քանի որ Ազգային ժողովում ՍԴ դատավորի ընտրության հարցով քվեարկությանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով չմասնակցեց: Թե այս թեկնածուի՝ Դավիթ Խաչատուրյանի ընտրության դեպքում ԱԺ-ում ինչ զարգացումներ կլինեն, դեռեւս հայտնի չէ, բայց, դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանին՝ որպես Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի, Ազգային ժողովն է ընտրել, կարելի է ենթադրել, որ նա մեծ շանսեր ունի՝ ԱԺ-ի կողմից ընտրվելու:
Ավելին՝ Դավիթ Խաչատուրյանը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է, իսկ դա արդեն ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորների համար լուրջ խնդիր է. չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին:»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։