29 Ապրիլի, 2020

«Հայոց Արարման Հավաք»կուսակցությունն հայտարարություն է տարածել՝ որում մասնավորապես ասվում է ․

«Հայոց Արարման Հավաք»կուսակցությունն իր խորը ցավն է արտահայտում Գավառում տեղի ունեցած վերջին ողբերգական իրադարձությունների կապակցությամբ և զոհերի հարազատների հետ միասին կիսում անդառնալի կորուստների վիշտը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հարգելի՛ իշխանություն,

Հայաստանի Հանրապետության և ողջ աշխարհի համար այս ծանր իրավիճակում, երբ մեր երկիրը կանգնել է առկա դժվարությունների հետ մեկտեղ նոր և չտեսնված մարտահրավերի առջև, որոնց հաղթահարումն ենթադրում է աննախադեպ և հրատապ միասնականության անհրաժեշտություն, երբ Հայաստանի հասարակություն-պետություն տանդեմի առողջ և կուռ համագործակցությունից է կախված մեր հրաշալի հայրենիքի գոյությունը, և ապագա սերունդների ճակատագիրը, մենք, դժբախտաբար, չհասկանալով պահի լրջությունը, սկսում ենք քայլել լրիվ հակառակ ուղղությամբ, ինչը հղի է ահավոր և անդառնալի հետևանքներով:

Հարգարժա՛ն իշխանություն,
Դուք, ստանալով Հայաստանի ժողովրդի անվերապահ վստահության քվեն, պարտավոր եք ապահովել Հայաստանի Հանրապետության հասարակության միասնականությունն ու համերաշխությունը, յուրաքանչյուր մարդու անվտանգությունն ու կյանքի իրավունքի անխափան իրացումը: Ստիպված ենք արձանագրել, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ հասարակությունում առկա է մեծ չափաբաժնով ատելություն և համերաշխության դեֆիցիտ, որ երկրի ներքին անվտանգությունն ապահովող առանցքային մարմիններից մեկի, այն է՝ ոստիկանության պատասխանատուն, ցավոք սրտի, իր տեղում չէ, որ վստահությունն արդարադատություն իրականացնող մարմինների նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ մեծ չէ և մի շարք այլ ցավալի փաստեր:

Եվս մեկ անգամ ուզում ենք հրավիրել իշխանություննեի ուշադրությունը կադրային քաղաքականության կարևորության վրա: Փորձը ցույց է տալիս, որ ոչ ճիշտ կադրային քաղաքականությունը ոչ միայն վիժեցնում է կարևորագույն ծրագրեր և բարեփոխումներ, այլև բերում է ինստիտուցիոնալ լրջագույն խնդիրների: Կադրային քաղաքականությունը պետք է խարսխվի առողջ մրցակցության, մարդկային որակների և քաղաքացիական պատասխանատվության լրջագույն վերլուծության վրա:

Բնավ, չնվաստացնելով մեր հազարավոր ոստիկանների ամենօրյա տքնաջան և շատ ժամանակ, ցավոք, չգնահատված անձնուրաց ծառայության անհերքելի փաստը՝ մենք ստիպված ենք արձանագրել, որ վերջին ցավալի դեպքերը ջրի երես բերեցին այս կարևորագույն մարմնի ինստիտուցիոնալ անկատարության մի շարք անհերքելի փաստեր: Դրանք շատ են, բայց մենք ուզում ենք ընդգծել մի քանիսը. Առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ոստիկանապետը պետք է լինի մի մարդ, որը ոչ միայն իր գործի գիտակն է, ազնիվ և խիզախ է, այլև ինչը երկրորդական չէ, վայելում է ամբողջ համակարգի վստահությունը: Ինչը, ցավոք, այդպես չէ: Ոստիկանությունը շատ դեպքերում թիրախ է դառնում, իսկ ոստիկանը պաշտպանված չէ: Այս պարագայում ինչպե՞ս վերջինս պետք է պաշտպանի հասարակությանը: Կան նաև այլ շատ ու շատ պատճառներ և փաստեր, որոնց վերլուծությունը թողնում ենք մասնագետներին և հանրությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Հայոց Արարման Հավաք» կուսակցությունն առաջարկում է իշխանությանը լուրջ հետևություններ անել, այլապես հանրությունը ստիպված է լինելու դիմել ինքնապաշտպանական միջոցների, ինչը կարող է պետությունը գցել անվերահսկելի քաոսի հորձանուտ:

Միևնույն ժամանակ, «ՀԱՅ» կուսակցությունը դիմում է Հայաստանի Հանրապետության հանրությանը՝ կոչ անելով համախմբվել երկրի օրինական իշխանության շուրջ և միասնաբար, գիտակցելով յուրաքանչյուրիս անկեղծ պատասխանատվությունն Աստծո, մարդկության, Հայաստան երկրի, մեր պատմության և ապագա սերունդների առջև, արարել և կերտել մեր երազանքների հայրենիքը:

Հ.Գ. Վստահ ենք, որ մեր հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդն, օգտագործելով իմաստության իր ողջ զինանոցը, պատվով կհաղթահարի բոլոր մարտահրավերները, իսկ նրա զավակները, մի կողմ թողնելով փոքր և ճղճիմ հակասությունները, վերջապես համերաշխ և միասնաբար կկերտեն իրենց հայրենիքը:

kotayk

Լրահոս