8 Հունիսի, 2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 30-ամյա Սարգիս Սեպուհյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հունիսի 7-ին Երևանի Շենգավիթ վարչական տարածքի Սողոմոն Տարոնցի փողոցում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության ժամանակ մի քանի անձանց հետ ակնհայտ անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերել հասարակության նկատմամբ՝ տալով սեռական բնույթի հայհոյանքներ և չէր ենթարկվել դեպքի վայրում աշխատանքներ կատարող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, անգամ ընկերների հետ սպառնում էր, որ ինչ-որ մարդկանց «գյուլելու է», և ոստիկանները, տեսնելով, որ նա ոչ միայն չի ենթարկվում, այլև խախտում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումը, այն է՝ պարտադիր պետք է կրի դիմակ և պահպանի սոցիալական հեռավորություն, ստիպված ուժ կիրառելով՝ նրան ձեռնաշղթայված տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Այդ օրը իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով նշված վայրից Շենգավիթի ոստիկանություն են բերման ենթարկվել նաև Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Կարապետ Սեպուհյանը, ով Ս. Սեպուհյանի եղբայրն է, և Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցի փողոցի բնակիչ՝ 29-ամյա Մարտիկ Օհանյանը։ Վերջիններս ստորագրությամբ բաց են թողնվել, իսկ Ս. Սեպուհյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս Երևանում հայտնի է նրանով, որ հաճախակի ներկայանում է, որ ինքը հանցագործ աշխարհում հայտնի «Կայարանցի Թևոսիկի» տղայի ընկերն է։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 7-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները արձանագրել էին նրա մահը:

Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել էին տղամարդու դի, ովքեր պարզել էին, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, մահացել էր հրազենից արձակված կրակոցներից:

Քննիչները, կատարելով դեպքի վայրի զննություն, սպանվածի մոտ՝ 50 մետր հեռավորության վրա, տարբեր հատվածներում, հայտնաբերել էին ատրճանակից արձակված պարկուճներ և գնդակներ: Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ և խմբի ղեկավարի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը)/ հատկանիշներով: Դեպքի վայրում աշխատել էին նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Կրակոցների հետևանքով վնասվել էր նաև օբյեկտներից մեկի ապակին:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել նույն փողոցի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել էր ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել էր հանցագործության գործիք ատրճանակը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում ոստիկանները՝ սահմանազատելով տարածքը, մի խումբ երիտասարդներ դեպքի վայրում ակնհայտ անհարգալից վերաբերմունք էին ցուցաբերել հասարակության նկատամամբ, հնչեցրել սպառնալիքներ ու հայհոյանքներ:

Ոստիկանները մի քանի անգամ նրանց զգուշացրել էին, որպեսզի նախ կատարեն ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշումները, այն է՝ կրեն պաշտպանիչ դիմակ, պահպանեն սահմանված հեռավորությունը, բայց այդ երիտասարդները շարունակել էին լկտի պահվածք ցուցաբերել, ինչից հետո ոստիկաններն ու դեպքի վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի «կարմիր բերետները»՝ Միքայել Այվազյանի գլխավորությամբ, մի քանիսին «ասֆալտին փռելով»՝ բերման էին ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչից հետո նոր միայն քննիչները կարողացել էին առանց խոչընդոտի կատարել դեպքի վայրի տեղազննություն:

armlife.am

kotayk

Լրահոս