19 Դեկտեմբերի, 2016

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող փոխգնդապետ Շանթ Ավետիսյանի գործն ուղարկվեց դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության` ՀՀ ՊՆ Մաշտոցի զիվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ Շանթ Ավետիսյանը կաշառք ստանալու պատրվակով Լիլիթ Մաթեւոսյանից պահանջել է շուրջ 6 մլն դրամին համարժեք 12 հազար ԱՄՆ դոլար` վերջինիս որդուն 2016թ-ի ամառային զորակոչից 3 տարի ժամկետով տարեկետում հատկացնելու համար: Հունիսի 1-ին երեկոյան Ավետիսյանն իր անձնական ավտոմեքենայի մեջ Լիլիթ Մաթեւոսյանից ստացել է 5 հազար ԱՄՆ դոլար, իսկ րոպեներ անց բերման է ենթարկվել ոստիկանություն:

Շանթ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Լիլիթ Մաթեւոսյանին` 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Փոխգնդապետը կալանավորված է, իսկ Մաթեւոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ավելի վաղ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՊՆ Ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների հետեւողական աշխատանքի շնորհիվ, առանձնակի խոշոր չափի կաշառք` 5000 ԱՄՆ դոլար, ստանալու ժամանակ ձերբակալվել է Երեւան քաղաքի Մաշտոցի զինկոմիսարիատի 2-րդ բաժնի պետ, փոխգնդապետ Շանթ Ավետիսյանը:

kotayk

Լրահոս