22 Հունվարի, 2021

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանին 75 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հունվարի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, քրեական գործով նախնական դատական նիստի ընթացքում Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմնավորվածության հարցը քննարկելիս որոշում է կայացրել փոխել Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և գրավի կիրառումը համարել թույլատրելի։ Գրավի չափ է սահմանվել 75 մլն դրամ գրավը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանի վերաբերյալ կան հարուցված մի քանի քրեական գործեր, որոնցից մեկով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան։ Վարդանյանի շուրջ աղմուկը մեծացավ հատկապես 2020թ մարտի 5-ի լույս գիշերը նրա և նրա հարազատների տանն իրականացվող խուզարկությունից հետո։ Մարտի լույս 5-ի գիշերը ոստիկանական մեծ ուժեր՝ դիմակավորված եւ զինված, ներխուժել են Արամ Վարդանյանին ու նրա հարազատներին պատկանող տներ եւ, ինչպես երեւում են հրապարակված կադրերից, կիրառել անհարկի ուժ։ Նշված գործողությունների հետեւանքով տուժել է մանկահասակ թոռնուհին՝ 5 տարեկան։ Արձանագրվել են նաեւ հափշտակության դեպքեր։ Մարտի 9-ին Արամ Վարդանյանին որպես մեղադրյալ ներգրավվելու մասին որոշում է կայացվել և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նրան մեղադրում են Էմիր Արամյանի կողմից 2016 թվականին կատարված կողոպուտը կազմակերպելու, 2019 թվականին նույն Էմիլի առեւանգումը կազմակերպելու, ապա 2020 թվականի մարտի 4-ին նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ։ Արամ Վարդանյանը, տևական ժամանակ հետախուզման մեջ գտնվելուց հետո, ձերբակալվել է 2020թ հուլիսի 12-ին, ապա կալանավորվել։

Ինչ վերաբերում է դատարան ուղարկված քրեական գործին, ապա այն վերաբերում է Վարդանյանի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, փաստաթղթեր կեղծելու, շորթում կատարելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքերի առթիվ հարուցված և մեկ վարույթում միացված քրեական գործին։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Վարդանյանը, 2012թ. իր ծանոթից ստանալով գումարային պարտավորությունը վերադարձնելու հարցում օժանդակելու առաջարկ, համաձայնել է և այդ նպատակով պարտապանին հանդիպման է հրավիրել նախ՝ Երևանի Նոր-Նորքի զանգվածում գտնվող տարածք, այնուհետև՝ իր առանձնատուն: Հանդիպումների ընթացքում, վերջինս, բռնություն գործադրելու սպառնալիքով, պարտապանից պահանջել և ստացել է 50.000 ԱՄՆ դոլար, ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց՝ վերջինիս պատկանող «Մերսեդես G» մակնիշի ավտոմեքենան, որը նա անվանափոխել է իր անվամբ, ինչպես նաև՝ ևս 50.000 ԱՄՆ դոլարի դիմաց ստացել է նշված անձին պատկանող և վերջինիս մոր անվամբ հաշվառված առանձնատունը՝ արդյունքում, ընդհանուր առմամբ, շորթմամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 60 մլն 261 հազար ՀՀ դրամին համարժեք դրամական միջոցներ և գույք: Բացի դա՝ Վարդանյանը, շորթմամբ հափշտակած՝ 50.000 ԱՄՆ դոլարին համարժեք՝ 20.087.000 ՀՀ դրամ արժողությամբ վերոնշյալ առանձնատունը օրինականացնելու նպատակով, քողարկելով դրա ծագման իրական աղբյուրը, իր մտերիմին հանձնարարել է պարտապանի մոր հետ կնքել առանձնատան վաճառքի ձևական պայմանագիր, որից հետո՝ 2012թ. սեպտեմբերի 28-ին, կնքվել է առանձնատան առուվաճառքի պայմանագիրը:

«Ա.Վարդանյանը, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով ներգրավված լինելով որպես մեղադրյալ և կալանավորմանը որպես այլընտրանքային խափանման միջոց ընտրված գրավի կիրառմամբ գտնվելով ազատության մեջ, իմանալով շրջանառության մեջ գտնվող՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագծի նորմի մասին, համաձայն որի՝ առավելագույնը վեց տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք համաներման մասին հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ մինչև երեք տարեկան երեխա ունենալու դեպքում կարող են ազատվել պատժից, նախնական համաձայնության գալով միայնակ մայր հանդիսացող կնոջ հետ, նրա հետ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին վերջինիս դստեր կենսաբանական հայրը հանդիսանալու վերաբերյալ սուտ տեղեկություններ հաղորդելու դիտավորությամբ, քրեական պատասխանատվությունից ազատվելու համար հիմքեր ստեղծելու նպատակով, համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի ընդունվելուց 3 օր առաջ՝ 2018թ. հոկտեմբերի 29-ին, քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժին է ներկայացրել երեխայի հայրության որոշման մասին դիմում:

Նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին, չհանդիսանալով երեխայի կենսաբանական հայրը՝ վերջինս հայտնել է ակնհայտ սուտ տեղեկություն այն մասին, թե իբր հանդիսանում է 30.08.2018թ. ծնված երեխայի կենսաբանական հայրը՝ այդ կերպ երեխայի նկատմամբ ձեռք բերելով հայրության իրավունք և ստանալով բովանդակությամբ կեղծ, պատասխանատվությունից ազատող հայրության որոշման մասին պետական վկայական:

Այնուհետև, 2019թ. հունվարի 17-ին՝ նշված քրեական գործը դատարանում ըստ էության քննելու ժամանակ, գործով ամբաստանյալ Ա.Վարդանյանը դատարանին է ներկայացրել նշված կեղծ վկայականը, որի հիման վրա՝ դատարանը 2019թ. հունվարի 17-ին որոշում է կայացրել՝ համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիմքով Ա.Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրությունում։

Աղբյուր` Փաստինֆո

kotayk

Լրահոս