15 Ապրիլի, 2020

Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունում։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հերթական այս արշավը անթույլատրելի է ու խիստ վտանգավոր` դա նենգ ու թշնամական հարված է պետությանն ու ժողովրդին»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն իշխանություններից պահանջում է հստակ դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ և համապատասխան վերաբերմունք դրսևորել նմանօրինակ կեցվածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդեպ, նաեւ արձանագրում․

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանանալու է համարժեք պատասխանի»:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունում նշվում է, որ երկրում արտակարգ դրություն է, որը «ենթադրում է համարժեք կեցվածք բոլորի` թե՛ իշխանությունների, թե՛ քաղաքական դաշտի, թե՛ հասարակության կողմից: Համաճարակի, դրա հետևանքով առաջացած բազմաթիվ առկա ու սպասելի առողջապահական, տնտեսական, սոցիալական և այլ մարտահրավերների լուծումը պահանջում է բոլոր ուժերի ու կարելիությունների համախմբում: Միայն համախմբման ու փոխօգնության ճանապարհով մենք` որպես պետություն ու ժողովուրդ, կկարողանանք հաղթահարել այս տագնապը»:

Այս գիտակցությամբ ու համոզմունքով է ՀՅԴ-ն արտակարգ պայմաններում գործում «արտակարգ ռեժիմով` հնարավորին օգնությունը ցուցաբերելով մեր հայրենակիցներին և իրավիճակի հաղթահարման իր առաջարկները ներկայացնելով կառավարությանը»:

«Ցավոք, համախմբվելու և հիմնախնդիրները միասնաբար հաղթահարելու այս գիտակցությունն իշխանության կողմից առայժմ ոչ միայն չի կարևորվում ու չի կազմակերպվում, այլև հակառակը` շարունակվում է հասարակությունը պառակտելու հին, արատավոր ու խիստ վտանգավոր գործելաոճը: Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները», նշված է Դաշնակցության Հայաստանի ԳՄ հայտարարությունում:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացված հորդորով: Ցավոք, այդ մարդասիրական հորդորը դեռևս ոչ միայն պաշտոնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպված կերպով սանձազերծվել է տգեղ ու անբարոյական քարոզարշավ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին»:

kotayk

Լրահոս