6 Նոյեմբերի, 2017

Վայոց ձորի մարզում քաղաքական առումով արտասովոր իրադարձություն է տեղի ունենում: Խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածուն, որին ՀՀԿ-ն էր առաջադրել, բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ հաղթող թեկնածուի, որը նույնպես ՀՀԿ-ական է, սակայն ինքնաառաջադրված:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի եւ հարակից համայնքների բնակիչները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը եւ պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Armtimes.com-ի հետ զրույցում խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունում հաղթած թեկնածուն՝ նախկին Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը վստահեցրեց, որ որեւէ ընտրախախտում տեղի չի ունեցել, պարզապես պարտված թեկնածուն՝ նախկին Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը չի ընդունում պարտությունը:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր մրցակիցներից Տիգրան խուդոյանը չի հաշտվում պարտության հետ, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե որն է չհաշտվելու պատճառը: Բոլոր տեղամասերի տվյալները կան, այնտեղ հաշտվելու բան էլ չկա: Պարզապես անիմաստ տեղը ժողովրդին հավաքել է, մայրուղի են փակում: Եթե ինքը հաղթեր, անպայման կհաշտվեր»: Դիտարկմանը, որ երկուսդ էլ ՀՀԿ անդամ եք, հնարավոր չէ՞ր կուսակցությունում քննարկեիք այդ հարցերը՝ բողոքի ակցիա անելու փոխարեն, Արթուր Ստեփանյանն արձագանքեց. «Դե կուսակցությունը միակողմանի որոշում էր կայացրել՝ սատարելով Տիգրան Խուդոյանի թեկնածությունը: Մենք էլ հաշտվել էինք այդ մտքի հետ»:

Եղեգիս համայնքի նորընտիր ղեկավարը համոզված է, որ հիմքեր չկան, որ նոր ընտրություններ անցկացվեն: «Ես չեմ գնացել ժողովրդի հետ հանդիպման: Հիմա փորձում են թուլացնել լարվածությունը: Երեխեք, կին, հավաքել բերել են, մոտ 400 հոգի: Միայն իր գյուղի ժողովուրդն է (նախկին Շատին): Առավոտյան ժամը 11-ից 12-ի սահմաններում հավաքվել են»,- ստեղծված իրավիճակը նկարագրեց ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանը:

Նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն ստացել է 1952 ձայն, ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանը՝ 1816 ձայն, ՀՀԿ-ական Մամիկոն Սմբատյանը՝ 37 ձայն, իսկ անկուսակցական Արմեն Սետրակյանը՝ 15 ձայն:

armtimes.com

 

 
kotayk

Լրահոս