15 Ապրիլի, 2020

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրապարակել է Sukhoi SuperJet 100 (SSJ-100) օդանավի ավիաաղետի ամբողջական տեսանյութը, որը մեկ տարի առաջ տեղի էր ունեցել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում, փոխանցում է Lenta-ն:

Հոլովակում երեւում է, թե ինչպես է կրակով բռնկված օդանավը սահում թռիչքուղում, այնուհետեւ կտրուկ արգելակում է դրան ուղղահայաց: Դրանից հետո ուղեւորները սկսում են իջնել փչովի սանդուղքով եւ փրկվում վազքով: Մի քանի վայրկյան հետո SSJ-100-ին են մոտենում հրշեջները եւ փորձում մարել կրակը:

Ապրիլի 15-ին նաեւ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ՔԿ-ն ավարտել է Sukhoi SuperJet 100 օդանավի ավիաաղետի վերաբերյալ քրեական գործի քննությունը, որը տեղի էր ունեցել 2019 թվականի մայիսին: Գործով անցնող միակ անձը օդանավի հրամանատար Դենիս Եվդոկիմովն է, որը մեղադրվում է անվտանգության կանոնների խախտման մեջ:

SSJ-100 օդանավն այրվել էր 2019 թվականի մայիսի 5-ին Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս: Այն իրականացնում էր Մոսկվա-Մուրմանսկ չվերթը, սակայն ստիպված էր վերադառնալ օդանավակայան: Օդանավի հրամանատարի եւ անձնակազմի մյուս անդամների խոսքով՝ օդանավին հարվածել է կայծակը, որից հետո առաջացել են կապի խնդիրներ, եւ ավտոմատիկան չի գործել:

Ռուսաստանի Քննչական կոմիտեի վերջին տեղեկություններով՝ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել է 41 մարդ, այդ թվում՝ անձնակազմի մեկ անդամ, ողջ է մնացել 37-ը, ներառյալ անձնակազմի 4 անդամ: Մինչդեռ Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», հայտարարել է, որ ողջ է մնացել ընդհանուր առմամբ 38 մարդ՝ 34 ուղեւոր եւ անձնակազմի 4 անդամ:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

kotayk

Լրահոս