16 Ապրիլի, 2021

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը չէր խոսի, եթե նրան «չվրդովվեր» «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթը։

Նա նույնիսկ չտալով Մարուքյանի անունը, նկատեց, որ 2 օր շարունակ, իր՝ խորհրդարանում գտնվելու ընթացքում, այդ «անձնավորությունը» միայն մի քանի վայրկյան է եկել ու նստել թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին՝ փորձելով հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը։

«Դա չի հաջողվում նրան», -ասաց Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ Էդմոն Մարուքյանը չէր կարող իրենց դիտողություն անել, եթե ինքն անձամբ նիստերի դահլիճում չի եղել․ «Հարգելի՛ս, եթե դու չես գտնվել նիստերի դահլիճում ու չես տեսել մեզ կամ այնքան է վեհությունդ ու մեծությունդ, որ չես ուզում նկատել մեզ այստեղ: Ուրեմն պետք է նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում և կատարել ենք կառավարության անդամի մեր պարտավորությունները:

Անդրադառնալով Մարուքյանի մեկ այլ դիտարկման, թե ինչ մեքենա է Պապիկյանին սպասարկում, վերջինս նշեց, որ այդ մեքենան սպասարկում է իրեն ոչ թե որպես Սուրեն Պապիկյան, այլ որպես  նախարար։

«Պարո՛ն Մարուքյան, ինձ մոտ հարց է առաջանում, ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր ու գալիս: Սրա մասին կարող է խոսել մի մարդ, ով հրաժարվել է ծառայողական մեքենայից, հրաժարվել է օրենքով իրեն հասնող բնակարանի վարձատրությունից: Ըստ էության, մարդը նախ ստում է, որ մենք այստեղ չենք գտնվել: Մինչև ե՞րբ, եղբայր և դեպի ուր»,-ասաց Պապիկյանը:

Նա հավելեց, որ այս անգամ ընտրած երրորդ ճանապարհը ընդամենը «Լուսավոր Հայաստանի» պարտության ալիբին է. «Որովհետև ձեր կանխորոշված պարտությունը ձեր այսօրվա ցայտնոտն է: Նախ, բարի եղեք շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի, նրա ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել բազմել եք էստեղ: Եթե չենք ասել, չգիտե՞նք, թե 2018-ին ոնց եք էդ քվեները հավաքե՞լ: Կամ քաղաքացիները չեն լսել ձեզ, կամ չգիտեն, թե ոնց են ձեք քվե տվե՞լ: Ասել եք՝ ժողովուրդ, դե մենք իրար հետ ենք, մեզ տվեք, որ շատ լինի: Այս անգամ դա չի լինելու: Դու անցար էն կարմիր գիծը, որ պիտի չանցնեիր:

Ի դեպ, կոչերն ուղղված նախկիններին և փորձը՝ մաքրագործել նախկիններին, դա էլ չի հաջողվելու: Այսինքն ի՞նչ եք ռաջարկում՝ չխոսենք «Հոկտեմբերի 27»-ի մասին, չխոսենք «Մարտի 1»-ի մասին, չպոսենք 30 տարի Հայաստանը թալանելու մասին:

Ասում է՝ 30 տարվա 10 տոկոսի պատասխանատուն դուք եք, ինչ եք արել, ինչ է փոխվել ձեր կյանքում: Պարո՛ն Մարուքյան, քարոզարշավի ժամանակ որ համայնք գնաս իմ գերատեսչության կողմից արած աշխատանքի արդյունքը տեսնելու ես: Եթե դուք փորձում եք դա չտեսնել, ժողովուրդը դա տեսնում է և ինձ էլ, ձեզ էլ ցույց կտա մեր տեղը:

Կամ ասում է՝ դարձել եք նախարար, ձեզ ով պետք է նախարար ընտրեր: Լավ, նույն քաղաքական միավորի մեջ էինք, երբ սկսվեց պրոցեսը: Այո, հեղափոխությունն արել է ՀՀ քաղաքացին, մենք էդտեղ կապ չունեի՞նք: Կամ այդ ո՞նց հեղափոխությունից հետո ես, իմ գործընկերները դարձան նախարար, դուք չդարձաք: Կան չէ պատճառնե՞ր և ժողովուրդը այդ պատճառները գիտի»,-հայտարարեց Պապիկյանը:

kotayk

Լրահոս