21 Մայիսի, 2019

Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որ սպասվում էր մայիսի 20-ին, չի կայանա: Այդ մասին հայտնել է դատական դեպարտամենտը: Ո՞րն է նիստի չկայանալու պատճառը:

Բարձրագույն դատական խորհուրդը արտահերթ նիստ էր հրավիրել մայիսի 19-ի գիշերը, մայիսի 20-ի առավոտից դատարանները շրջափակելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո: Արտահերթ նիստից հետո ԲԴԽ-ն տարածել էր կոչը քննադատող հայտարարություն, ավելի մանրամասն գնահատականը թողնելով վարչապետի հետ մայիսի 20-ին նախատեսված խորհրդակցությունից հետո: Փաստորեն, այդ խորհրդակցությունից հետո ԲԴԽ նիստը չի կայանա:

Ի՞նչ է տեղի ունեցել վարչապետի հետ քննարկմանը, որ ԲԴԽ-ն հետաձգում է նիստը: Մայիսի 20-ի կեսօրին հնչեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որտեղ նա խոսում էր դատաիրավական համակարգում վիրահատական քայլերի մասին, թվարկելով հինգ կետ, որոնք ծրագրում է առաջիկայում: Փաստացի խոսքը դատավորների լյուստրացիայի մասին է, նրանց մի զգալի մասին ինքնակամ հրաժարականի կոչի մասին, անցումային արդարադատության ներդրման եւ անհրաժեշտ օրենսդրական քայլերի մասին:

Արդյոք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչը տարածվում է նաեւ ԲԴԽ վրա, կամ դրա ղեկավարի՝ Գագիկ Հարությունյանի, որն այդ պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին՝ թոշակի տարիքի պատճառով ավարտելով ՍԴ դատավորի կարիերան:

Գագիկ Հարությունյանը կարճ ժամանակ՝ մի քանի ամիս լինելով Հայաստանի վարչապետ, երբ նախագահ էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, 1995 թվականից զբաղեցնում էր Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը: Նա ՍԴ առաջին նախագահն է եւ պաշտոնավարեց փաստորեն 23 տարի, մի ամբողջ սերունդ: Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնում ապահովեց Հայաստանում իշխող համակարգի մի կողմից սահմանադրական «լեգիտիմությունը», մյուս կողմից՝ սահմանադրական մահակը այդ համակարգի գլխին, քանի որ նրա գլխավորությամբ ՍԴ որոշումները ունեին ոչ թե երկու, այլ մի քանի ծայր եւ կախված դիտանկյունից, այդ որոշումները թերեւս կարող էին հանել ցանկացածի «աչքը»՝ ըստ անհրաժեշտության:

Խորհրդարանական կառավարման մոդելում Սահմանադրական դատարանը հանձնելով այդ մոդելի Սահմանադրության մոդելավորող Հրայր Թովմասյանին, Գագիկ Հարությունյանին Սերժ Սարգսյանը կարգեց դատական համակարգի վերակացու:

Կգնա՞, թե կմնա Գագիկ Հարությունյանը: Հատկանշական է, որ օրեր առաջ նրա հասցեին բավականին քննադատական գրառում էր արել արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, փաստացի նրան մեղադելով անգործության, նոր իշխանությանը հարմարվելու համար եւ հայտարարելով, թե առաջին, երկրորդ ու երրորդ նախագահներին եւ Նիկոլ Փաշինյանին միավորում է Գագիկ Հարությունյանի «անփոխարինելիությունը»:

Կլսի՞ Արփինե Հովհաննիսյանին եւ կտարանջատվի՞ Նիկոլ Փաշինյանը առաջին երեք նախագահներից, թե՞ Հարությունյանը կմասնակցի այն վիրահատությանը, որ դատական համակարգում ազդարարել է Փաշինյանը: Պարզապես, նրա տարիքն այնքան է, որ վիրահատությունից հետո նա մեծ հավանականությամբ երեք նախագահներից ինչ որ բան կմոռանա դատական համակարգում, որից հետո հարկ կլինի բացել եւս մեկ անգամ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

kotayk

Լրահոս