24 Ապրիլի, 2020

Երեկվանից տարբեր «լրատվական աղբյուրներից» շրջանառության մեջ են դրվում անանուն, մտացածին, ըստ էության, տիպիկ բանբասանքային բնույթի տեղեկություններ այն մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի, իսկ մեկ այլ իմպրովիզացիայով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և, իբր, փորձել համոզել նրան ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու անհրաժեշտության հարցում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազության խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Այս անհեթեթություններին անդրադառնալու կարիք չէի տեսնի, եթե, փորձելով ակնհայտ սուտը հնարավորինս համոզիչ և ճշմարտանման դարձնել, առանձին շրջանակներ չփորձեին դրանց վրա դեմքի լուրջ արտահայտությամբ «վերլուծություններ» ու մեկնաբանություններ անել։

Ստիպված եմ ուղղակի հայտարարել, որ այդ լուրերը իրականության հետ որևէ աղերս չունեն․ նման ձևաչափով, նման բովանդակությամբ որևէ հանդիպում կամ հանդիպումներ չեն եղել և չեն կարող լինել, հետևաբար Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու հարցի շուրջ նման որևէ քննարկում ևս չի եղել ու չի կարող լինել։ Դա քրեական դատավարության շրջանակներում գտնվող հարց է, որը կարող է քննարկվել բացառապես այդ համատեքստում։

Հորդորում եմ ձեռնպահ մնալ երևակայության նման արգասիքներով հանրությանը մոլորության մեջ գցելու անտաղանդ փորձերից»,- հավելել է նա։

kotayk

Լրահոս