28 Դեկտեմբերի, 2016

«Առջևում են 2017թ. խորհրդարանական ընտրությունները: Իմ վերջին ելույթներից մեկում շեշտել եմ, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ և հենց այդպիսի ընտրությունների միջոցով ձևավորված Ազգային ժողով»,-սա Ամանորի և սուրբծննդյան տոների առթիվ լրատվամիջոցների հետ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված է:

Հայաստանում, ցավոք, մեկ կամ երկու ընտրություն է, որ չի կեղծվել, մնացած բոլոր ընտրությունները ոչ միայն կեղծվել են, այլև, ցավոք, ուղեկցվել են ծեծ ու ջարդով և սպանություններով: Ամեն կեղծված ընտրությունից հետո նվազել է հույսը, մեծացել է արտագաղթը, խորացել է աղքատությունը, ավելացել է Հայաստանի արտաքին պարտքը, փոշիացվել է քաղաքական դաշտը՝ երեկվա ընդդիմությունը իշխանության համառ ջանքերով դարձել է նույն իշխանության ամենամոլի սպասարկողը, փոխվել է սփյուռքի վստահությունը Հայաստանի իշխանության հանդեպ. և այս ամենում լրջագույն դերակատարություն ունի Սերժ Սարգսայանի ղեկավարած իշխող Հանրապետական կուսակցությունը:

Հիմա նախագահը ասում է, որ մեզ անհրաժեշտ են անբիծ ընտրություններ: Իսկ քիչ թե շատ անբիծ ընտրության դեպքում Հանրապետական կուսակցությունը ոչ միայն կհայտնվի քաղաքական դաշտից դուրս, այլև իշխանության մեջ գտնվող շատ ու շատ հանրապետականներ կհայտնվեն արդարադատության առաջ՝ գործած թալանի, պարտադրած արտագաղթի և զանազան այլ ապօրինությունների համար:

Եթե Սերժ Սարգսյանը սա ասում է արտաքին լսարանի համար՝ ցույց տալով, որ իբր պատրաստվում է անբիծ ընտրության, դա այլ հարց է, իսկ եթե սա ասվում է ներքին սպառման համար, և ավելին, եթե նախագահը գոնե մեկ անգամ իրապես ջանք կդնի երկրում անբիծ ընտրություններ անցկացնելու, դա նշանակում է որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է հրաժարվել Հանրապետական կուսակցությունից, քանի որ անբիծ ընտրության արդյունքում առաջին և ամենախոշոր հաշվով պարտվողը կլինի հենց հանրապետականը:

kotayk

Լրահոս