12 Դեկտեմբերի, 2016

Ինչպես տեղեկացրել էինք, 2016թ. դեկտեմբերի 5-ին կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել և ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները և գույքը, որի հետևանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Թեմայի շրջանակում Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի բյուջեից հրդեհի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին ֆինանսական աջակցություն հատկացնելու նպատակով։ ԲՀԿ-ն և «Հայկական Վերածնունդը», ինչպես նախորդ նիստերը, այս նիստն էլ, ըստ ամենայնի, կբոյկոտեն:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը նիստին կմասնակցի այն ժամանակ, երբ «Լուսավոր Հայաստան» և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների ավագանիները նստած լինեն ավագանու նիստին։

«Պետք է դեռ հասկանանք, բայց չեմ կարծում, թե մասնակցություն լինի։ Եթե այդպիսի հրապարակում լինի՝ կքննարկենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Ինքը՝ Մամիկոն Ասլանյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը նիստը հրավիրել է ըստ իր կայացրած որոշման և հանգամանքների, իսկ թե ով ինչ է ասում՝ չի մեկնաբանում: Նրա խոսքով՝ ըստ օրենքի՝ նիստի մասին որոշում կայացնելուց հետո 24 ժամվա ընթացքում պարտավոր ենք ծանուցել օրակարգի մանրամասները. «Այսօր մենք ավագանու 33 անդամներին կուղարկենք»:

Իսկ եթե ձախողվի այս նիստն էլ, ի՞նչ է պատրաստվում անել Մամիկոն Ասլանյանը: «Ես կանխագուշակումներով չեմ զբաղվում, ամեն ինչ օրենսդրությամբ է նախատեսված»,- ասաց նա: Հարցին՝ հնարավո՞ր է, որ նոր ընտրություններ հայտարարվեն Վանաձորում, Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Չեմ կարծում, դա ես չեմ որոշում, դա արդեն որոշում է կառավարությունը»:

Այս ընթացքում, նրա խոսքով, աշխատանքներ են կատարվել Վանաձոր քաղաքում, դրական տեղաշարժ կա քաղաքում, քաղաքացիների կողմից կան արձագանքներ. «Ամեն ինչ նորմալ է. եթե Վանաձորում լինեք՝ կշրջենք, կտեսնեք»:

Հարցին՝ չորս ավագանու դավաճան անդամներին բացահայտելու խնդիր են դրել, Մամիկոն Ասլանյանը արձագանքեց. «Դեռ հարց է՝ ով է դավաճան, և ով ում է դավաճանում: Չեմ կարծում, որ նիստին եկողը դավաճան է, և մնացածները, ովքեր նիստին չեն գալիս, դավաճան չեն: Ես զերծ եմ մնում իմ համաքաղաքացիներին նման որակումներ տալուց: Ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը նրանց դավաճան անվանի»:

Անդրադառնալով ավագանու չորս անդամներին Նաիրա Զոհրաբյանի և Հեղինե Բիշարյանի գնահատականներին՝ նա նշեց, որ մանավանդ կանանց ասածները ինքը չի մեկնաբանում. «Մտածում եմ՝ կանայք միշտ իրավունք ունեն ասելու՝ ինչ ուզեն: Չեմ կարծում, թե տղամարդը կնոջ հետ պետք է մտնի պալեմիկայի մեջ, առավել ևս չեմ կարծում, որ ես իրավունք չունեմ մեկնաբանելու այդ քաղաքական գործիչների մեկնաբանությունները: Նախընտրական շրջան է, մարդիկ հայտարարություններ են անում, ես նորմալ եմ համարում: Բայց չեմ ցանկանում և թույլ չեմ տա, որ որևէ մեկը մեր քաղաքացիներին դավաճան անվանի»:

Վանաձորում, ըստ նրա, քաղաքապետարանի աշխատանքները կաթվածահար վիճակում չեն, ամեն ինչ բնականոն հունով է ընթանում: «Ավագանին է կաթվածահար եղած, հո քաղաքը կաթվածահար եղած չէ՞: Փառք Աստծո, քաղաքը կառավարվում է, քաղաքը այս պահի դրությամբ, ինչ իմ լիազորությունների սահմանում է, ես իրականացնում եմ և առայժմ որևէ խոչընդոտի չեմ հանդիպել»,- նշեց նա:

http://www.1in.am/2061096.html

– See more at: http://fnews.am/?p=2522680&l=am%2Ftxamardy+knoj+het+chpetq+e+mtni+palemikayi+mej+vanadzori+qaxaqapety%D5%9D+zohrabyanin+ev+bisharyanin+1inam#sthash.fUL6NVZ5.dpuf

kotayk

Լրահոս