2 Դեկտեմբերի, 2016

ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝

Սոթքի ոսկու հանքի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ, պարզվել է կասկածյալի ինքնությունը։ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին` ժամը 23:10-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակել են հանքի անվտանգության աշխատակցի վրա, կա վիրավոր: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, ձեռնարկվել անհետաձգելի դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական քննությամբ պարզվել է, որ դեկտեմբերի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ Ը-ին պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը «ԱԿՄ» տեսակ ինքնաձիգով կրակոցներ է արձակել, որի հետեւանքով հանքի անվտանգության աշխատակիցը ձախ ոտնաթաթի հատվածում ստացել է մարմնական վնասվածք եւ տեղափոխվել բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվել է դեպքի վայրի զննություն: Պարզվել է, որ դեպքի վայրը գտնվում է Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի հարակից տարածքում, որտեղ զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ: Նախաքննության ընթացքում Սոթքի ոսկու հանքի անվտանգության պետը ներկայացրել է «ԱԿՄ» մոդելի ինքնաձիգ եւ հայտնել, որ այն վերցրել են կրակոցներ արձակած անձի մոտից` նրան բռնելու պահին:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով դեկտեմբերի 2-ին ձերբակալվել է: Նշանակվել են դատաբժշկական, մատնադրոշմային, դատաձգաբանական փորձաքննություններ: Հարցաքննվել են մի շարք վկաներ: Նախաքննությունը շարունակվում է:

kotayk

Լրահոս