3 Նոյեմբերի, 2016

Վանաձորի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 18-ին մահացած ծննդկանի հարազատներին գումար են առաջարկել՝ չբողոքելու դիմաց: Այս մասին NEWS..am-ի թղթակցի հետ զրույցում ասել է  մահացածի սկեսուրը՝ Քնարիկ Մնացականյանը:

«Կողքից եկել են, տղուս ասել են, իր հետ են խոսել: Մեր ինչի՞ն է պետք գումարը, ի՞նչ գումարի մասին է խոսքը, չեն էլ ամաչում: Դրանք պետք ա պատասխան տան»,- ասել է  տիկին Քնարիկը:

Ըստ մահացած ծննդկանի սկեսուրի՝ իրենց առաջարկել են մինչեւ 30-40 հազար ԱՄՆ դոլար, տարբեր անձինք փորձել են միջնորդել, սակայն իրենք կտրականապես մերժել են շարունակել նմանատիպ ցանկացած խոսակցություն:

«Գումար են առաջարկում, որ չբողոքենք: Եթե համաձայն ես, փողը վերցնում ես, վսյո: Կարճում են քրեական գործը, մի բան կգրեն… էսօր փողով ամեն ինչ էլ անում են: Ասում են՝ եթե չհամաձայնվեք, էդ դեպքում վերև կտանք, ձեզ փայ չի մնա: Ես էլ ասել եմ՝ մեզ փայ պետք չի»,- նշել է  Հռիփսիմեի ամուսինը՝ Համլետը:

Ծննդկանի հարազատները պատրաստվում են նամակ գրել Առողջապահության նախարարին:

Հիշեցնենք, որ Վանաձորի ծննդատանը հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացել էր ծննդկան 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանը: Նրա հարազատներն ավելի ուշ NEWS.am-ին հայտնել էին, որ կատարվածի մեջ մեղադրում են բժիշկներին: Մասնավորապես սկեսուրը` Քնարիկ Մնացականյանը, նշել էր, որ դեռեւս 21 օր առաջ բժիշկները զննելուց հետո որոշել են Հռիփսիմեին վերցնել հսկողության տակ ու պառկեցնել ստացիոնար հսկողության, սակայն, ծննդկանը ծննդաբերելուց ժամեր անց մահացել է՝ բժիշկների անտարբերության պատճառով:

Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Շահվերդյանն էլ մեզ հետ զրույցում դժվարացել էր պատասխանել՝  ո՞րը կարող էր լինել մահացած ծննդականի մոտ առաջացած արյունահոսության պատճառը, նա հորդորել էր սպասել  դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Նշենք, որ ծննդկանի մահվան վկայականում որպես մահվան պատճառ նշված է հեշտոցի պատի հետծննդաբերական պատռվածք, արտաքին սուր արնահոսություն, ներքին օրգանների սուր սակավարյունություն, ինչը հանգեցրել է հեմոռագիկ շոկի:

kotayk

Լրահոս