21 Դեկտեմբերի, 2021

Բանագնացների էությունն այն է, որ թղթին հանձնեն այն խնդիրների շրջանակները, որոնք այսօր գոյություն ունեն Հայաստանի և Թուրքիայի միջև, News.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում բանագնացների առաքելությանը։

ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ բանագնացները խնդիրները պետք է քննարկեն իրենց ղեկավարությունների հետ, ապա «քայլ առ քայլ խնդրահարույց կետերի շուրջ գան համաձայնության»։

«Այնպես չէ, որ Ռուբեն Ռուբինյանը կամ մյուս կողմի ներկայացուցիչը պետք է որոշեն միջպետական հարաբերությունների ֆորմատը։ Փորձը, որն իհարկե, կարևոր բան է, այս պարագայում պետք չէ համարել մեծ առավելություն։ Ռուբեն Ռուբինյանը կրթված, պատրաստված երիտասարդ քաղաքական գործիչ է, և կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կընթանա։ Մեր կողմից էլ, իրենց կողմից էլ նախապայմաններ չպետք է լինեն, որովհետև այն իրողության մեջ, որ մենք գտնվում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, եթե փորձենք հարաբերություններ կարգավորել նախապայմաններով, ոչինչ չի ստացվի»,- ասել է Աղազարյանը։

Հարցին՝ ինչո՞ւ է բանագնացի ընտրությունը կանգ առել հենց Ռուբինյանի վրա, Աղազարյանը պատասխանել է, որ նրա թեկնածությունը քննարկել է կառավարությունը։

«Մենք՝ պատգամավորներս, հարցը քննարկելու հնարավորություն չենք ունեցել, որովհետև իրենց գործառույթներին է վերաբերում, դրա համար իրենք են որոշել»,- ասել է Աղազարյանը։

kotayk

Լրահոս