8 Հունիսի, 2022

Շուրջ երկու շաբաթ առաջ 168.am-ը տեղեկություն ստացավ, որ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի և վերջինիս տեղակալ, մաքսային ոլորտը համակարգող Շուշանիկ Ներսիսյանի (Նակոլկա Շուշոյի)` ի սկզբանե վատ հարաբերությունները հասել են գագաթնակետին ու վերածվել թշնամականի։ Վերջիններս սուր վեճ են ունեցել, որի ավարտին Շուշանիկ Ներսիսյանը հայտարարել է, որ ինքը գնում է արձակուրդ, և վերադարձին ՊԵԿ համակարգում մնալու է իրենցից մեկը` կամ ինքը, կամ` Բադասյանը։

Այդ ինֆորմացիան մենք չհրապարակեցինք` սպասելով իրադարձությունների զարգացմանը։ Եվ ահա, խիստ հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Շուշանիկ Ներսիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել` հայտարարելով, որ Բադասյանի հետ հնարավոր չէ աշխատել։ Ընդ որում, մեկը մյուսի հասցեին արտահայտվում են ամենատգեղ բառապաշարով: Շուշանիկ Ներսիսյանի հետ հեռացել է նաև նրա թիմը, մարդիկ, որոնց նա է աշխատանքի տեղավորել։ Անգամ նրա քարտուղարուհին է իրերը հավաքել ու գնացել` տանելով նույնիսկ աշխատասենյակի ծաղիկները։

Մեր տեղեկություններով` Մաքսայինում բունտ է հասունանում։ Մեքենաները կանգնած են, չեն մաքսազերծվում։ Քաոսային իրավիճակ է, որովհետև առհասարակ Մաքսայինի թիմը առճակատման մեջ է Բադասյանի թիմի հետ։ Թե ո՞րն է այս ճակատագրական վեճի բուն պատճառը, դեռ պարզ չէ։ Ըստ նույն աղբյուրների` երկուսն էլ չեն հանդուրժում մեկմեկու ներկայությունը, քանի որ հասանելի են դառնում ֆինանսական իրական շարժերն ու դրանց արդյունքում կուտակված եկամուտները:

Zham.am

Լրահոս