Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Դավթյանի թեկնածությունը:
«Հաշվի առնելով հակակոռուպցիոն դատարանների մասնագիտական առանձնահատկությունները, պետք է ընդունել, որ նրանց բացառիկ կարևորությունից բացի կարող են ի հայտ գալ նաև դեռևս շտկման կարիք ունեցող օրենսդրական բացեր, որոնք անհապաղ բարեփոխման և իրավունքի հիմքերի կատարելագործման համար օրենսդրի հետ համագործակցությունը միայն կարող է ծառայել ի շահ պետության և հանրությանը։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանին են ենթակա քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հարցերով հարուցված քաղաքացիական գործերը, այս կերպ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերը, որտեղ և ներդնելու եմ իմ երկարամյա իրավաբան-փաստաբանի փորձառությունը ի նպաստ իրավական պետության զարգացմանը։ Պետք է ընդունել այն փաստը, որ որպես նոր ձևավորվող դատարան Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի առջև դրված է պատասխանատվության մեծ բաժին։ Պալատը նախադեպային իրավունք ստեղծելու իր գործունեության համաձայն պետք է հիմքեր ստեղծի անձին Սահմանադրության երաշխավորված դատական բողոքարկման և իրավունքի իրացումն ապահովելու համար։ Միաժամանակ իր նախադեպային որոշումների շնորհիվ ներպետական դատական ատյաններում գործերի քննության համար կստեղծվի օրենքի միատեսակ կիրառման արդյունավետ պրակտիկա, որի արդյունքում հնարավոր չափով կկրճատվեն հետագա նույնանման բողոքների քանակները»- ԱԺ արտահերթ նիստում ասել է Դավթյանը: