26 Դեկտեմբերի, 2024
«Հերթական խայծն է կամ այնպիսի քաղաքական պահանջ է, որը  հետագայում կարող է դառնալ բանակցությունների առարկա և լրացուցիչ քաղաքական լծակ Հայաստանի ու հայ ժողովրիդ դեմ»,- այսպես արձագանքեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը Ադրբեջանի կողմից Հայաստանին արված առաջարկին՝ համագործակցել Բավքի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարության ընթացքում։

Ըստ նրա, այս առաջարկով նախ փորձում են կրկին Հայաստանին դնել այնպիսի դիրքում, պայմաններում, որ Հայաստանը մերժող կողմ լինի և միջազգային հանրությունը դիտարկի, որ Հայաստանն այստեղ ապակառուցողական է։

«Մյուս կողմից իրենք այս առաջարկով փորձում են ձև տալ, որ շոու չէ, պատրաստ են համագործակցել, տվյալներ փոխանակել, նաև Հայաստանից տվյալներ վերցնել։ Բայց սա նաև հնարավորություն է Հայաստանի համար, որ այսպիսի բոլոր հարցերը վեր հանվեն, մեր՝ այնտեղ գտնվող բոլոր գերիների, քաղաքական բանտարկյալների հարցերով Հայաստանն ավելի նախաձեռնողական, ակտիվ գործողություններ կատարի, սա դարձնի նաև բանակցությունների թեմա։

Վստահ եմ, եթե Հայաստանը նմանատիպ հակընդեմ առաջարկով հանդես գա, սա տանելու է փակուղի,  ադրբեջանական կողմն է ստիպված լինելու մերժել, քանի որ իրենք պատրաստ չեն որևէ հարցում համագործակցել, իրենց համար հայերը մեղավոր են, հավաքական առումով այնտեղ գտնվողը բոլորը մեղավոր են, ադրբեջանիցները որևէ հանցագործություն չեն կատարել։ Այստեղ Հայաստանը հնարավորություն ունի ավելի հիմնավորված փաստերով ցույց տալ այնտեղ գտնվողների մեղքի բացակայությունը, ադրբեջանական կողմում պաշտոնավարող կամ տարբեր զինվորականների կատարած հանցագործություններն ու դրանց հետաքննության անհրաժեշտությունը»,- ասաց Բեգլարյանը։

 

 

Լրահոս