6 Հուլիսի, 2022

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր և խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՔԿ-ից:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն 35-ամյա տղամարդը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2020թ. հուլիսի 14-ից սեպտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում, իր և այլ անձանց անվամբ գրանցված բջջային հեռախոսահամարներով տարբեր ՓԲ ընկերություններում ստեղծել և նույնականացրել է էլեկտրոնային վճարային համակարգի հաշվառման հաշիվներ էլեկտրոնային դրամապանակներ, այնուհետև դրանց միջոցով առցանց ձևակերպել է ընդհանուր 26 վարկային պայմանագրեր և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է նշված պայմանագրերով հաստատված ու էլեկտրոնային դրամապանակներին մուտքագրված առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 3.205.000 ՀՀ դրամ գումարը:

Բացի այդ, հիշյալ տղամարդը, 2021 թվականի ապրիլին, «Facebook.com» սոցիալական կայքում այլ անձի անվամբ  գրանցված անհատական էջից նամակագրություն վարելով նույն կայքի անհատական էջի օգտատիրոջ հետ, խաբեությամբ ստացել է վերջինիս հեռախոսահամարը, էլեկտրոնային դրամապանակ գրանցելու համար հեռախոսահամարին ստացված ծածկագիրը, ուղղորդել այդ անձին էլեկտրոնային դրամապանակը նույնականացնելու գործընթացում, այնուհետև ունենալով նրա անվամբ գրանցված էլեկտրոնային դրամապանակի տվյալները, ՀՀ բանկերից մեկում վերջինիս անվամբ ձևակերպել է վարկ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել  խոշոր չափերով  990.000 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս