ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, քննությամբ հիմնավորվել է, որ 36-ամյա տղամարդը 2021 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2022 թվականի ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում, զանգահարելով տարբեր անձանց և ներկայանալով որպես Հայաստանում գործող բանկի աշխատակից տարբեր պատրվակներով խնդրել է վերջիններիս տրամադրել իրենց անձնական տվյալները և հասանելիություն ստանալով նշված անձանց էլեկտրոնային դրամապանակներին դրանց միջոցով վերջիններիս անվամբ կնքել է վարկային պայմանագրեր և նրանց էլեկտրոնային դրամապանակին կցված բանկային քարտերից կատարել ընդհանուր 3.993.800 ՀՀ դրամ հափշտակություն, որից հետո գումարները փոխանցելով իր կողմից օգտագործվող տարբեր բուքմեյքերական ընկերությունների խաղային հաշիվներին հափշտակել է այն:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում առցանց հավելվածով պատվիրված տաքսի ծառայության միջոցով, իրականացրել է երթեր, որոնց ընթացքում, տարբեր պատրվակներով տիրացել է ավտոմեքենաների վարորդների անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակների տվյալներին, ինչից հետո այդ դրամապանակների օգտագործմամբ վարորդների անվամբ տարբեր ընկերություններում առցանց եղանակով ձևակերպելով վարկային պայմանագրեր հափշտակել է շուրջ 1.157.800 ՀՀ դրամ:
Այսպիսով իր հանցավոր գործունեության արդյունքում հիշյալ տղամարդը հափշտակել է շուրջ 5.200.000 ՀՀ դրամ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 44-362-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 1-ին մասով /2 դրվագ/, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: