Դեկտեմբերի 19-ն խարդախության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություններ էին ստացվել Երևանի բնակիչներ 34-ամյա Արամ Դ․-ի, և 38-ամյա Սարգիս Ղ․-ի կողմից Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող վճարահաշվարկային տերմինալներից նախապես պատրաստված թղթադրամների միջոցով տարբեր բանկային հաշիվներին գումարների փոխանցման և վճարահաշվարկային տերմինալներում մուտք չլինելու մասին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վերջիններս դեկտեմբերի 19-ին Երևան քաղաքի Գյուրջյան 7/3 հասցեում գտնվող վճարահաշվարկային տերմինալից 620 հազար դրամ, Գյուրջյան 8/2 հասցեում գտնվող վճարահաշվարկային տերմինալից 60 հազար դրամ են խարդախությամբ փոխանցումներ կատարել։ Նշված արարքները կատարել են նաև Աճառյան 32/7 հասցեում գտնվող «Թելսել» վճարահաշվարկային տերմինալոց 10 հազար դրամ, Աճառյան 32/2 հասցեում գտնվող «Թելսել» վճարահաշվարկային տերմինալից 100 հազար դրամ և Թոթովենցի 6/58 հասցեում գտնվող «Թելսել» վճարահաշվարկային տերմինալից 100 հազար դրամ գումարների խարդախությամբ փոխանցումները կատարվել են դեկտեմբերի 19-ին ժամը 16։00-ից մինչև ժամը 19։30-ն ընկած ժամանակահատվածում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արամ Դ․-ն և Սարգիս Ղ․-ն դեկտեմբերի 19-ին ժամը 19։55-ի սահմաններում ձերբակալվել և ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ քննիչի կողմից ձերբակալվել են: