ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում տեղեկություններ էին ստացվել, որ հիշյալ առաքանին փորձել է ուղարկել ԻԻՀ քաղաքացի Հ.Ս.-ն: Տեղեկություններ էին նաև ձեռք բերվել, որ տվյալ քաղաքացու փաստացի բնակության վայրում` Երևան քաղաքում գործող հյուրանոցներից մեկի հյուրանոցային սենյակում, առկա են թմրամիջոցներ, որոնք վերջինս մտադրվել էր փոստային ծառայության միջոցով ուղարկել երրորդ երկիր:
Դատարանի որոշման համաձայն` Հ. Ս․-ի փաստացի բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվեց մոտ 4 կգ ընդհանուր քաշով նույնանման «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ ևս 3 տուփ: ԻԻՀ քաղաքացին, ով հայտնաբերվել և տեղափոխվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին, ձերբակալվել է։
Տեղեկություններ էին ձեռք բերվել առ այն, որ ԻԻՀ քաղաքացին հիշյալ դեպքից օրեր առաջ փոստային ծառայության միջոցով Ավստրիայի Հանրապետություն է ուղարկել նույնանման տուփեր: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում պարզվեց նաև Ավստրիայի Հանրապետություն ուղարկված առաքանու և դրա ստացողի տվյալները: Տեղեկությունները համագործակցության շրջանակներում փոխանցվել են ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչություն (DEA): Դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության աշխատակիցները Ավստրիայի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համատեղ հայտնաբերել են նշված առաքանին, որը պարունակել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցից պատրաստված 3 տուփ ընդհանուր 4 կգ քաշով: Առաքանին ստացող քաղաքացին, որը ևս հանդիսանում է ԻԻՀ քաղաքացի, ձերբակալվել է:
Հիշյալ դեպքով, ընդհանուր առմամբ, ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 1 միլիոն ԱՄՆ դոլարը:
Փաստի առթիվ, կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմված մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ միասին տրամադրվել է ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով։
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: