«Հայտնի տեսանյութը արտացոլում է մեր հանրային մտածողության մեջ առկա բավականին խորքային արատը, երբ անգամ միեւնույն շենքի, բակի բնակիչներն են մրմյանց հանդեպ վերաբերմունքը կառուցում ըստ սոցիալական պատկանելության, ըստ վարած մեքենայի, ըստ հագուկապի համախառն արժեքի, ըստ մակիյաժի ու սանրվածքի փոխարժեքի, ըստ բնակմակերեսի, այդ բնակմակերեսի «ռեմոնտի»:
Ու այդ երեւույթը ներթափանցել է նաեւ դպրոցներ, անգամ ցածր դասարաններ: Այսինքն, ոչ միայն մեծ է սաղարթը, այլ խորն են արդեն նաեւ արմատները:
«Հասարակ» կյանքը, նկարագիրը, կերպարը այլեւս դարձել են «բիծ», դարձել՝ «այիբ»: Շատերը, որ իրենց «ոչ հասարակ» դիրքից անգամ շփվում են «հասարակների» հետ, անում են դա մեծահոգության մեծամիտ զգացումով եւ դեմքի արտահայտությամբ:
Ու այդ երեւույթը, այդ «ոչ հասարակության» շքերթը մեր հասարակական-պետական օրգանիզմը քայքայել է ոչ պակաս, քան կոռուպցիան կամ դատարկ պաթոսը:
Սա բոլորովին չեմ ասում եզրակացնելու համար, թե՝ վերևներում ասողներն էլ դե մեզանից մեկն են:
Ոչ, եզրակացությունը պետք է լինի լրիվ հակառակը, արմատապես հակառակը: Վերնախավը, պաշտոնյաները, առաջատար տնտեսա-քաղաքական խմբերը պետք է ոչ միայն չլինեն այդ մտածողության ու աշխարընկալման կրողն ու արտահայտողը, այլ պետք է ստանձնեն դա փոխելու պարտավորություն: Նրանք պետք է ձեւավորեն «հասարակություն», բառի լայն եւ բուն իմաստներով:
Պերճանքի, շքեղության ագրեսիվ առկայությունը Հայաստանում սոցիալ-հոգեբանական քայքայման իր «շքերթը» սկսել է դեռեւս շատ շատ տարիներ առաջ, դեռեւս 2018-ից շատ տարիներ առաջ: Դրա հետեւանքով է նաեւ, որ Հայաստանում ձեւավորվել է սոցիալ-հոգեբանական «պոպուլիզմի» խոպան, որտեղ հաջողության հասած քաղաքական կոչվող միավորները կարճ ժամանակ անց իրենք են դառնում այն, ինչի դեմ պոպուլիստական կարգախոսներով կառուցել են իրենց հաջողությունը»: