27 Դեկտեմբերի, 2024
Եկել, հասել ենք այստեղ, ճիշտ է՝ մենք այն մարդիկ չենք, որ իր դուռը գանք, բայց համենայնդեպս հիմա այնպես է իրավիճակը, որ եկել ենք ու հարցեր ունենք տալու, չորս տարի է արդեն անցել: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի ծնողներից մեկը:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Ագային ժողովի մոտ, նրանք փակել են Բաղրամյան պողոտան և պահանջում էին հանդիպում Պաշտպանության և անվտանգության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ:

«Նույնիսկ էթիկա չունի: Նախ և առաջ իջի՛ր, ծնողներին բարև տուր, եթե դու այդպես ամպագոռգոռ ես պահում քեզ, առաջինն էթիկա ունեցի, երկրորդը՝ մի քիչ տղամարդկություն, որ զանգով հանկարծ չասես՝ չեմ կարող իջնել, երրորդն էլ՝ ես չգիտեմ, դուք թյուրիմացություն եք, ի՞նչ ասեմ: Ուրիշ ոչ մի կերպ ձեզ չեմ կարող նկարագրել, այսինքն, նկարագրելու էլ չեք դուք»,- ասաց նա՝ դիմելով Քոչարյանին:

Նա նշեց, որ հավաքվել են և իրեն հարցեր ունեն: «Նա երկու ամիս ձգձգեց հանդիպումը, երկու ամիս հետո եկել ենք, մարդուն տեսնենք, հարցեր տանք, հարցերի պատասխանը ստանանք: Չնայած՝ գիտենք, թե ինչ պատասխան ենք ստանալու, կիսատ-պռատ, բայց համենայնդեպս այնպես է, որ մենք ուզում ենք այդ հարցերի պատասխանը, թեկուզ կիսատ-պռատ լսենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվել այդ 44-օրյա պատերազմում, այդ երեխեքը ո՞նց գնացին, զոհվեցին, այդ երեխեքը ո՞նց քայլ արին, այդ երեխեքից ո՞ր մեկը փախավ, որ մեկին հետևից խփեցին, չիմանա՞նք: Պիտի իմանանք, չէ՞»,- ասաց նա:

Նա շեշտեց՝ քանի որ սա իրենց աշխատանքային վերջին օրն է, որոշել են տարին փակել այնպես, որ հասկանան՝ ինչ է կատարվել, բայց մարդը չի ուզում իջնի տեսնի, արհամարում է: «Այնպես կարհամարենք, որ սաղ կյանքդ իմանաս»,- եզրափակեց ծնողը:

 

Լրահոս