19 Հունվարի, 2023

Հունվարի 18-ին, ժամը 00.38-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցի հարակից այգում կրակոցներ են հնչել:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 00.30-ի սահմաններում ֆինանսական հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել Երևանի 32-ամյա բնակչի և Աբովյան քաղաքի 30-ամյա բնակչի միջև, որին մասնակցել էին նաև աբովյանցու ընկերները: Վիճաբանության ընթացքում 30-ամյա աբովյանցին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ատրճանակի փամփշտատուփը լիցքավորված 6 փամփուշտով:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Աբովյան քաղաքի 30-ամյա բնակիչը ներկայացել է Կենտրոնական բաժին, իսկ միջադեպի մասնակից նրա 27-ամյա ընկերը հայտնաբերվել է Սայաթ-Նովայի պողոտայում: Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ 30-ամյա երիտասարդը ներկայացրել է զազային ատրճանակը:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս