Զոհրաբյանը հայտնեց, որ դեպքից հետո դեպքի վայր է գնացել ՓՊ նախագահ Սիմոն Բաբայանը, տեղում փորձել են արդարանալ, թե իբրև փաստաբանն ինչ-որ վիրավորական խոսք է հնչեցրել, դրա համար, ըստ իրենց, իրավունք ունեն պատժելու։
«Եթե անգամ ընդունենք, որ փաստաբանը վիրավորական խոսք է ասել, հարգելիներս, դրա համար կա Փաստաբանների պալատ, որտեղ կարող էին դիմել, եթե հանցագործություն է պարունակում մեր գործընկերոջ արարքը, ի վերջո, կա քրեադատավարական ընթացակարգ։ Ինչ է նշանակում փողոցային հասկացողություններով փաստաբաններին ծեծել, սա անընդունելի արարք է։ Կոչ եմ անում ոստիկանության պետին, Ներքին գործերի նախարարին միջոցներ ձեռնարկել և այն բոլոր ոստիկաններին, որոնք ներգրավված են եղել այդ ծեծելու գործընթացի մեջ, պետք է գնահատական տրվի նրանց արարքին, քրեաիրավական գնահատականից զատ պետք է առնվազն կասեցնել նրանց լիազորությունները։ Նրանք չեն կարող ոստիկան լինել։ Պատկերացնու՞մ եքմեր վիճակը, փաստաբանը, որը երկար ժամանակ կրթություն է անցնում, որ քաղաքացուն պաշտպանի, ինքն այսօր պաշտպանության կարիք ունի»,- ասաց Զոհրաբյանը ընդգծելով, որ ամեն ինչ ձեռնարկվելու է, որ մեղավորները պատասխան տան։
Հիշեցնենք, որ Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել փաստաբաններ Էմանուել Անանյանին և Մարզպետ Ավագյանին իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում։