Հեղինակ Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մեկ տարի շարունակ մի մեծ թիմ աշխատեց, որպեսզի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը լիներ լավագույնը: Ամեն դետալ քննարկվել է ժամերով ու օրերով, հաշվի են առնվել քաղաքական, մարզական, բարոյահոգեբանական բոլոր նրբությունները: Արդյունքում ստացանք մի միջոցառում, որի համար մեր հայրենակիցները կարող են միայն հպարտություն ապրել:
Իհարկե, միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը, որպես նորարարական, մշակութային, մարզական վերածնվող կենտրոն, որի հետ արժե խոսել, համագործակցել, ընկերություն անել: Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, ու տեղի ունեցավ այս միջադեպը:
Այդուհանդերձ, այնքան աշխատանք է կատարված, որ վստահ եմ ապրիլի 23-ին, երբ կավարտվի առաջնությունը, մեր գործընկերները կարձանագրեն, որ խնդիրը լուծված է շատ բարձր մակարդակով:
Պետությանը, այո հենց պետությանը, պետք է վերաբերվել խնամքով: Ամեն մի չմտածված, իբրև թե «հերոսական» քայլ կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին:
Շնորհակալություն հանդիսատեսին ակտիվության համար, հեռուստադիտողին լավ արձագանքների: Այսօր տեսել եմ մեր մարզիկներին, լավ տրամադրությամբ գնում էին մարզման: Բացման այս արարողությունը, մրցաշարի բարձր մակարդակը նաև նրանց համար է, որպեսզի այլ երկրներում չխեղճանան, գլուխները բարձր ասեն մենք մարզական լուրջ պետության ներկայացուցիչ ենք:
Ուստի առաջիկա օրերին լցնենք տրիբունաները ու աջակցենք մեր մարզիկներին: Մեզ հաղթանակեր են պետք»: